Քաղաքը փակել է իր տարածքը անբարեխիղճ վարձակալի առաջ․ Մոսկվան պարզաբանում է Amnesty-ի փակումը

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության Մոսկվայի գրասենյակը բարեխղճորեն չի վճարել վարձակալության վճարը․ այսպես է պարզաբանել Մոսկվայի քաղաքային գույքի դեպարտամենտը երեկ կազմակերպության գրասենյակի կապարակնքումը։ Մինչդեռ իրավապաշտպանները շարունակում են պնդել, որ վարձավճարը երբեք չեն ուշացրել և պատրաստ են ներկայացնել համապատասխան փաստաթղթերը։

«Քաղաքը փակել է իր տարածքը անբարեխիղճ վարձակալի առաջ,- ասված է դեպարտամենտի կայքում զետեղված հաղորդագրության մեջ։- Քաղաքային գույքը՝ 61 քմ մակերեսով, ազատ է պայմանագրային հարաբերություններից, ցանկացած երրորդ անձանց այնտեղ գտնվելն ապօրինի է»։

Մոսկվայի քաղաքային գույքի դեպարտամենտը մատնանշում է, որ վարձակալին ծանուցել է վարձակալության պայմանների էական խախտումների մասին և առարկություն ուղարկել՝ պահանջելով մարել պարտքը։ Amnesty International-ը, մոսկովյան իշխանությունների պնդմամբ, տեղեկացվել է, որ «հակառակ դեպքում վարձակալության պայմանագիրը կչեղարկվի»։

«Տվյալ առարկությունը անբարեխիղճ վարձակալի կողմից անտեսվել է»,- հայտարարում է դեպարտամենտն ու հավելում, որ այդ առնչությամբ պայմանագիրը խզվել է, տարածքը փակվել և կապարակնքվել։

«Այն, որ մենք չենք վճարել վարձավճարը, սուտ է»,- «Կոմերսանտ» թերթի հետ զրույցում պնդել է Amnesty International կազմակերպության ռուսաստանյան առաքելության ղեկավար Սերգեյ Նիկիտինը՝ տեղեկացնելով, որ վարձավճարը պարբերաբար մուծվել է, առկա են բոլոր փաստաթղթերը։ Նիկիտինը մտադիր է նամակ ուղղել դեպարտամենտին՝ պահանջելով պաշտոնապես պարզաբանել կապարակնքման պատճատը։ Իրավապաշտպան կազմակերպության ղեկավարը առայժմ փորձում է կենտրոնանալ հարցի զուտ տեխնիկական պատճառների վրա՝ հավելելով․ «Եթե ենթադրել որևէ այլ բան, ապա դա կարող է լինել որևէ մոգոնված հնարք՝ գրասենյակը փակելու համար»։

Մոսկվայի քաղաքային իշխանությունների արշավը իրավապաշտպանների դեմ թերևս կարելի է դիտարկել կապարակնքման նախօրեին կազմակերպության հայտարարության համատեքստում, որով ՌԴ ղեկավարությունից պահանջվում էր անհապաղ ազատ արձակել «չարտոնված» հանրահավաքների բազմիցս մասնակցած Իլդար Դադինին և հետաքննել իր նկատմամբ գաղութում կիրառվող կտտանքների մասին վերջինիս հաղորդագրությունները։ Իլդար Դադինը 2015թ․ դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման Մոսկվայում հակակառավարական ցույցերին մասնակցելու համար։ Օրերս հրապարակվել է Դադինի նամակը, որում նա մանրակրկիտ պատմել է գաղութում իր հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպության գրասենյակի փակումը Ռուսաստանում գործող միջազգային ՀԿ-ների դեմ գործողությունների հերթական դեպքն է։ 2016թ․ փետրվարին Մոսկվայի քաղաքային գույքի դեպարտամենտը զբաղեցրած տարածքից զրկել էր «Փախստական երեխաների ադապտացման և ուսուցման կենտրոնին», որն աշխատում էր Ռուսաստանում «օտարերկրյա գործակալ» հայտարարված «Քաղաքացիական օժանդակություն» կոմիտեի կազմում։ Կառույցն զբաղվում էր Սիրիայից, Աֆղանստանից, Կոնգոյից, Ուզբեկստանից և այլ երկրներից երեխաների ուսուցմամբ։ Այն ժամանակ, ինչպես և Amnesty-ի դեպքում, դեպարտամենտի աշխատակիցները փոխել էին տարածքի կողպեքները՝ ասելով, որ ծանուցել են իրենց որոշման մասին։

«Քաղաքացիական օժանդակություն» ոչ առևտրային կազմակերպության ղեկավար Սվետլանա Գանուշկինան, հայտարարելով, որ վարձավճարը վճարվել է ժամանակին, դեպարտամենտի վարքագիծը որակել էր «հրեշավոր» և այդ քայլը կապել ՌԴ արդարադատության նախարարության կողմից «Քաղաքացիական օժանդակությունը» օտարերկրյա գործակալների ռեեստրում ներառելու հետ։

2012թ․ նոյեմբերի 21-ին ՌԴ-ում ուժի մեջ է մտել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։

Այդ առնչությամբ իրենց մտահոգությունն են հայտնել բազմաթիվ իրավապաշտպաններ, այդ թվում՝ Amnesty International-ը, որի բնութագրմամբ, օրենքով պահանջվում է բոլոր ոչ առևտրային կազմակերպություններից, որոնք ստանում են օտարերկրյա ֆինանսավորում և զբաղվում են որպես «քաղաքական գործունեություն» սահմանված ինչ-որ բանով, գրանցվել որպես «օտարերկրյա գործակալի գործառույթներ կատարող կազմակերպություններ»։

Օրենքը, ըստ իրավապաշտպան կազմակերպությունների, ռեպրեսիվ է և ՀԿ-ներին «խեղդող»։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել