ՀԾԿՀ-ն սեփական նախաձեռնությամբ կվերանայի էլեկտրաէներգիայի սակագները

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ կվերանայի էլեկտրաէներգիայի գործող սակագները, հաղորդում են ՀԾԿՀ մամուլի ծառայությունից:

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հաշվի առնելով 2017թ. փետրվարի 1-ից մինչև 2018թ. փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար կանխատեսվող էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ներկրման և արտահանման հաշվեկշիռը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած հայտի արդյունքում՝ ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի հնարավոր փոփոխությունը, էլեկտրաէներգետիկական համակարգում գործող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վրա ազդող այլ գործոնների փոփոխությունները և, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, իր նախաձեռնությամբ սկսում է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց»,- ասված է ՀԾԿՀ մամուլի հաղորդագրության մեջ:

Էլեկտրաէներգիայի սակագները վերջին անգամ վերանայվել էին այս տարվա ամռանը՝ օգոստոսի 1-ից նվազելով 2.58 դրամով։ Բնակչության համար ցերեկային սակագինը սահմանվել էր 46.2 դրամ/կՎտժ՝ նախորդ 48.78 դրամ/կՎտժ-ի փոխարեն։ Գիշերային սակագինը սահմանվել էր 36.2 դրամ/կՎտժ՝ նախորդ 38.78 դրամ/կՎտժ-ի փոխարեն:

Նոյեմբերի 1-ին «Գազպրոմ Արմենիա»-ն դիմել է ՀԾԿՀ՝ գազի գործող սակագների վերանայման հայտով։ Ըստ այդմ՝ առաջարկվում է մինչև 10 հազ․ խմ սպառում ունեցող բնակչության համար սակագինը 146.7 դրամից դարձնել 139 դրամ, սոցիալապես անապահովների համար՝ 100 դրամ: 10 հազ․ խմ-ից ավելի գազ սպառողի համար սակագինը 257.56 դոլարից կդառնա 242.1 դոլար: Եթե այդ կազմակերպությունը սպառում է ավելի գազ, քան նախկինում սպառել է, ապա ավելի սպառած գազի սակագինը կարող է դառնալ 212 դոլար։

Ջերմոցներին և գյուղմթերքներ վերամշակող ձեռնարկությունների համար գազի սակագինը 257.56 դոլարից նախատեսվում է իջեցնել 212 դոլարի։

***

Գազի, ինչեպս նաև էլեկտրաէներգիայի գործող սակագների իջացման անհրաժեշտության մասին դեռ սեպտեմբերի խոսել էր նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Կառավարության առաջին նիստում նա էներգետիկայի և բնական պաշարների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին ու ՀԾԿՀ նախագահին հանձնարարել էր համատեղ քննարկել ու առաջարկություններ ներկայացնել անապահով խավերի համար գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին։ «Խոսքն ինչին է վերաբերում․ մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավերի համար սահմանված սակագինը՝ ի հաշիվ այլ սպառողների, տրամաբանական: Ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզնեսի, հատկապես գյուղատնտեսության և վերամշակող ճյուղերի համար»,- ասել էր վարչապետը։

Մեկնաբանել