Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը համաձայն են կանանց խմբի դիտողություններին

Հայաստանի զարգացման նախաձեռնություններ հիմնադրամի (IDeA) հիմնադիր Ռուբեն Վարդանյանը և գործարար, բարերար Նուբար Աֆեյանն արձագանքել են հայ կանանց խմբին, որը քննադատել էր նրանց նախաձեռնած «Գլոբալ հայեր» շարժման կոչին։

IDeA-ի նախաձեռնությամբ հոկտեմբերի 28-ին «Հայաստանի Հանրապետություն» և The New York Times թերթերում հրապարակվել էր «Գլոբալ հայերի ապագան այսօր է» վերնագրված բաց նամակը, որի տակ ստորագրել էին տարբեր երկրներում բնակվող անվանի հայեր: Ստորագրողների թվում կար միայն մեկ կնոջ անուն, ինչը առաջացրել էր մի խումբ հայ կանանց դժգոհությունը, որոնք իրենց հերթին հայտարարություն էին տարածել։

IDeA հիմնադրամի տարածած հայտարարությունում Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը, նշելով հայ կանանց և ազդեցիկ անձանց նամակի մասին, գրում են․

«Անշուշտ, այս թերացումը բնավ միտումնավոր չի եղել, և մենք լիովին համաձայն ենք հնչեցված դիտողություններին, քանի որ ի մասնավորի նաև՝ ազգի և պետության զարգացման գործում բացառիկ կարևոր ենք համարում կանանց դերն ու մասնակցությունը։ Կանայք աշխարհասփյուռ և հայաստանյան համայնքների կորիզն են. նրանք են, որ առաջ են մղում բարեգործությունն ու մարդասիրությունը, մասնակցում սոցիալ-տնտեսական զարգացմանը և նոր ավյուն հաղորդում մեր հարուստ մշակույթին։ IDeA հիմնադրամի անձնակազմի և ղեկավար կազմի մոտ կեսը ևս կանայք են, և մենք մշտապես հետամուտ ենք, որ և՛ Սփյուռքում, և՛ Հայաստանում մեր նախաձեռնություններին կանանց մասնակցությունն արտացոլի մեր հավատարմությունը համընդգրկունության սկզբունքին։

Ավելին՝ մենք սպասումով ենք մոտենում բոլոր այն նոր հնարավորություններին, որոնք միտված են համագործակցությանը և թույլ կտան նույնիսկ գերազանցել «Նյու Յորք Թայմզ» օրաթերթում ՀԲԸՄ-ի 110-ամյակի առթիվ հրապարակված բաց նամակում նախանշված ջանքերի ցանկը։ Ու թեև, նախքան նամակի հրապարակումը, այն ստորագրելու հրավեր ուղարկվել էր ընդամենը հինգ կանանց, բոլորս էլ միշտ ունենք որպես համաշխարհային հայ համայնք միավորվելու առիթ ու հնարավորություն՝ ապահովելով, որ ապագայում բոլոր նման նախաձեռնությունները լինեն ամբողջովին ներկայացուցչական՝ լիարժեքորեն ներառելով երիտասարդությանն ու կանանց։

Ներկայացուցչականության ու համընդգրկունության անխաթարությունն ապահովելուց զատ՝ մենք հրավիրում ենք մեր հիմնական կոչի առթիվ իրենց մտահոգությունը հայտնած բոլոր անձանց և շահագրգիռ կողմերին՝ քննարկելու դրանում ամփոփված ուղերձը, գիտակցելու աշխարհասփյուռ մեր ազգին սպառնացող մարտահրավերների լրջությունն ու հրատապությունը և անվերապահորեն ձեռնամուխ լինելու Հայաստանի և գլոբալ հայության առաջխաղացման գործին։ Հավաքական քայլերի համար ընդհանուր հիմքեր գտնելով է միայն, որ մենք ի զորու կլինենք հաղթահարել մեր երկրի ու ազգի ապագային սպառնացող արդեն իսկ լուրջ և գնալով ահագնացող վտանգները»։

Մեկնաբանել