«Գյումրի գարեջուր»․ ՏՄՊՊՀ-ի ստուգումները պատվերի տպավորություն էին թողնում

«Գյումրի-Գարեջուր» ընկերությունը հայտարարում է, որ Տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից ընկերությանը վերագրվող «խախտումները» հիմնավորված չեն։

Նոյեմբերի 16-ի նիստում ՏՄՊՊՀ-ն 110 մլն դրամով տուգանել էր «Երևան գարեջուր» ընկերությանը (ապրանքանիշը «Կիլիկիա» )՝ գերիշխող դիրքի չարաշահման համար, իսկ «Գյումրի գարեջուր» ընկերության գործը որոշել էր ուղարկել Պետական եկամուտների կոմիտե՝ հետագա ընթացքն ապահովելու համար։ ՏՄՊՊՀ-ն «Գյումրի գարեջրի» մասով արձանագրել էր գնի բարձրացում և պահանջել էր ներկայացնել համապատասխան հիմնավորումներ: Ընկերությունը պարզաբանել էր, որ ավելացել են որոշ ծախսեր, ինչն էլ անդրադարձել է ինքնարժեքի ձևավորման վրա: Սակայն համաձայն ՏՄՊՊՀ-ի՝ իրենց ուսումնասիրությունները պարզել են, որ փաստաթղթերում նշված ծախսերը ուռճացված են և կրում են ձևական բնույթ: ՏՄՊՊՀ-ն արձանագրել էր նաև, որ ընկերությունը մարքեթինգային և տրանսպորտային ծախսերի անվան տակ արհեստական կերպով բարձրացրել է ծախսերը՝ փորձելով նվազեցնել հարկային պարտավորությունները։

«Գյումրի գարեջուր» ընկերությունն այսօր հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում նշում է, որ «ՏՄՊՊՀ-ի կողմից իրականացվող և երեք տարի տևած ստուգումները հենց սկզբից պատվերի տպավորություն էին թողնում»։

Ընկերությունը հայտարարում է, որ համարվում է մարզի ամենախոշոր հարկատուն ու գործատուն՝ նշելով, որ վերջին երեք տարիների ընթացքում վճարել է 6 մլրդ դրամից ավելի հարկ:

«Գյումրի գարեջուրը» անդրադառնում է նաև մամուլում շրջանառված վարկածին, ըստ որի՝ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի «վերջին սրացումները կապված են ԱԺ գալիք ընտրությունների հետ»․ «Եթե այս ամենը ճիշտ է, ապա մեր ժողովուրդը պետք է հստակ ճանաչի այն ողորմելի մարդկանց, ովքեր մանդատի համար պատրաստ են մարզի և Գյումրու սոցիալ-տնտեսական վիճակին այդպիսի հարված հասցնել»։

«Գյումրի գարեջուրը» հայտարարությանը կից ներկայացրել է նաև տեղեկանք, որում պարզաբանում է որոշ մանրամասներ։ Տեղեկանքում նշվում է, որ հանձնաժողովի կողմից իրականացված վարչական վարույթի՝ ստուգումների արդյունքներով ընկերության նկատմամբ 2016թ․ օգոստոսի 1-ին կազմվել է ստուգման ակտ։ Ըստ տեղեկանքի՝ ակտի 3-րդ էջում հանձնաժողովն անդրադարձել է ընկերության ծախսերին, արտադրանքի ինքնարժեքի ձևավորման բաղադրիչներին և փաստել․

«Ստուգումից պարզել է, որ ինքնարժեքի բարձրացումը հետևանք է ինքնարժեքի բաղադրիչ հանդիսացող տարրերից կոմունալ ծախսերի (գազ, էլեկտրաէներգիա, ջուր, աղբահանություն և այլն), մաշվածքի և արտադրական սպասարկման և ընթացիկ նորոգման ծախսերի ավելացման, որ հանգեցրել է ընկերության շահույթի և շահութաբերության նվազմանը: …… Այսպիսով` ստուգումից պարզվել է, որ ընկերության արտադրանքի իրացման ծավալների կրճատումը, որն ուղեկցվել է այդ արտադրանքի ինքնարժեքի տարրեր հանդիսացող որոշակի ծախսային հոդվածներով ծախսերի ավելացմամբ, ազդել է արտադրանքի գնագոյացման վրա և նույնիսկ այդ արտադրանքի իրացման գների որոշակի բարձրացումից հետո էլ հանգեցրել է ընկերության շահույթի և շահութաբերության նվազմանը: Ընկերության կողմից արտադրանքի իրացման գների բարձրացումը չի հանգեցրել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի ժ) ենթակետի հատկանիշներով նախատեսված խախտմանը» (մեջբերման ավարտ)։

«Ստուգման ակտի մեջբերված հատվածից հետևում է, որ հանձնաժողովը ընկերության կողմից արտադրվող գարեջրի գնի չհիմնավորված բարձրացում չի հայտնաբերել, հակառակը՝ փաստել է, որ ինքնարժեքի բարձրացումը հետևանք է օբյեկտիվ պատճառների՝ ինքնարժեքի բաղադրիչ հանդիսացող տարրերից կոմունալ ծախսերի (գազ, էլեկտրաէներգիա, ջուր, աղբահանություն և այլն), մաշվածքի և արտադրական սպասարկման և ընթացիկ նորոգման ծախսերի ավելացման: Ինչպես տեսնում ենք, այլ ծախսերի, մասնավորապես տրանսպորտային ծախսերի աճի մասին խոսք չի գնում ստուգման ակտով»,- ասված է տեղեկանքում:

«Գյումրի գարեջուրը» նշում է նաև, որ ստուգման ակտը ընկերությունում երեք տարուց ավելի իրականացված վարչարարության արդյունքում ընկերության գործունեության վերաբերյալ հանձնաժողովի կողմից ընդունված միակ փաստաթուղթն է: Հանձնաժողովի հետևություններ կամ եզրահանգումներ պարունակող այլ փաստաթուղթ չի կազմվել և ընկերությանը չի հանձնվել: «Հետևաբար, անհիմն է այն պնդումը, թե ընկերությունը կատարել է ուռճացված տրանսպորտային ծախսեր, այն դեպքում, երբ ընկերությունում հանձնաժողովի կողմից իրականացված ստուգումների արդյունքում նման բան չի արձանագրվել»,- նշված է տեղեկանքում:

***

Գարեջրի շուկայում ՏՄՊՊՀ-ի իրականացրած ստուգումներին և մասնավորապես «Երևան գարեջուր» ընկերությանը տուգանելու հարցին այսօր կառավարության նիստին անդրադարձել էր վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ՏՄՊՊՀ նախագահին հորդորելով ուշադրության կենտրոնում պահել առաջին հերթին առաջնային սպառման ապրանքների շուկան։ «Դա շատ ավելի առաջնային խնդիր է, քան գարեջրի արտադրության բնագավառը, որտեղ կան մեծ թվով գարեջուր արտադրողներ, ներմուծողներ, ու կա լուրջ մրցակցություն»,- ասել էր վարչապետը։

Մեկնաբանել