Ընտրողը կարծես ձիարշավարանում լինի, խաղադրույք է անում հաղթող ձիու վրա

«Հանրային օրակարգ» ՀԿ-ն, «Ստեփանակերտի մամուլի ակումբի» հետ համագործակցությամբ, շարունակում է «Անալիտիկոն» ամսագրի հանրային քննարկումների շարքը Երևանում և Ստեփանակերտում։ Օրերս Երևանի «Անի» հյուրանոցի «Գառնի» սրահում կայացավ հանդեսի hոկտեմբեր ամսվա «Հարավային Կովկաս. ընտրական գործընթացներ» խորագրով թեմատիկ համարի քննարկումը։ Քննարկմանը մասնակցում էին  քաղաքական  տարբեր ուժերի ներկայացուցիչներ,  ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած անձինք, վերլուծաբաններ ու անկախ հետազոտողներ, լրագրողներ ու մեդիափորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլք:

Տարածաշրջանում վերջին ամիսների ընթացքում տեղի էին ունեցել ընտրական կարևոր գործընթացներ, ուստի պատահական չէր  ամսագրի  այդ խորագրի ընտրությունը:  Քննարկման ժամանակ, սակայն, շեշտը դրվեց Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունների վրա:

Մասնակիցներից մեկի կարծիքով, թեև ՏԻՄ ընտրություններն անցել են համամասնական ընտրակարգով՝ իրականում այն թաքնված մեծամասնական ընտրակարգ է, որում վճռորշ դեր է հատկացված անձերին։ Իշխող կուսակցության հաղթանակի հիմնական գրավականը դարձյալ փող-մարդ գործոնների համակցությունն էր: Այսինքն, ՀՀԿ-ն դարձյալ ուներ բավականին մեծ ֆինանսական  և մարդկային  ռեսուրսներ ընտրություններն ի վերջո  իր օգտին գրանցելու համար:

Մեկ այլ մասնակցի կարծիքով՝ այս ընտրությունները ցույց տվեցին, որ գնալով դժվար է լինելու հաղթել ցանկացած ուժի համար, որը չի վայելում ընտրազանգվածի (ժողովրդի) վստահությունը։ Ինչ խոսք, ընտրախախտումները շարունակում են էական դեր խաղել, բայց միայն դրանց վրա հույս դնելը ֆրուստրացիայի է բերելու։ Հենց այս կտրվածքով քննարկվեց Հանրապետական կուսակցության ձախողումը ՏԻՄ ընտրություններում։ Իսկ որ դա ձախողում էր՝ վկայում են վերջին տարիների համապետական ընտրություններում այս կուսակցության օգտին ձայն տված քաղաքացիների թվի էական նվազումը։

Սակայն, մյուս կողմից էլ, ամեն ինչ այդ կուսակցության գոյությամբ ու գործելակերպով պայմանավորելը ճիշտ չէր լինի։ Ինչպես կատակեց քաղաքագետներից մեկը՝ պատկերացրեք, որ մի գեղեցիկ օր արթնացել եք ու… ՀՀԿ-ն չկա (եկեղեցի է գնացել մեղքերը քավելու համար, ինչը տևական, շատ տևական գործընթաց է նրա պարագայում, կամ խեղդվել է բիզնեսի ծովում, կամ էլ գլխովին մի մեծ «ռազբորկայի» մեջ է խրվել և այլն)։ Ի՞նչ է լինելու այդ օրը. Հայաստան՝ երկի՞ր դրախտավայր։

Հենց այս կտրվածքով խոսվեց ընդդիմության մասին։ Ընդգծվեց, որ ընդդիմությունն իրենից քաղաքական այլընտրանք պիտի ներկայացնի, այլապես շարունակելու է աղքատ ազգականի դերում լինել և ամեն մի ընտրությունից հետո մեղավորներ փնտրել ամենուր, բայց ոչ իր մեջ։ Մինչդեռ ընդդիմությունն ու ընդդիմադիրները հաճախ իշխանության և իշխանավորների նման են գործում։ Երբեմն նույնիսկ եզրաբանությունն է նույնը լինում, ինչը հանգեցնում է նրան, որ ընդդիմությունը դառնում է իշխող համակարգի մի մասը, վերածվում համակարգային ընդդիմության և գործում համակարգի խաղի կանոններով։ Փորձագետներից մեկի դիպուկ արտահայտությամբ՝ այնպես չէ, որ իշխանությունը Մարս մոլորակից է, իսկ ընդդիմությունը՝ Վեներայից, երկուսն էլ Երկիր մոլորակից են՝ իրենց երկրային հոգսերով ու մեղքերով։ Կուսակցություններ կան, որոնք անգամ դժվարանում են իրենց հիմնական կարգախոսի հարցում։

Այո, հաղթել կարող է միայն այլընտրանքը, ավելի ստույգ՝ քաղաքական, գաղափարական այլընտրանքը։ Քաղաքագետներից մեկը պնդեց, որ ընդդիմադիր ցանկացած ուժ պետք է հստակ դիրքորոշում ու հայեցակարգ ունենա հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան կարգավորման հարցերում, ինչպես նաև տնտեսական զարգացման հստակ տեսլական որդեգրի։

Այս հայեցակետով էլ քննարկվեց ընդդիմության համախմբան և դաշինքների խնդիրը։ Նշվեց, որ իշխանությունը հետևողականորեն բարդացնում է խաղը՝ միտումնավոր նպաստելով քաղաքական դաշտի առավելագույնս դրվագացմանը և նորից ասպարեզ բերելով հին ու նոր քաղաքական «մեռելների»։ Այս պարագայում, ըստ բանախոսի, ընդդիմությունը պետք է հնարավորինս պարզեցնի խաղը՝ սևի ու սպիտակի, լույսի ու մթի հակադրության աստիճան, որպեսզի շարքային ընտրողի համար հեշտ ու մատչելի լինի քաղաքական հորձանուտում կողմնորոշվելը։

Սակայն պարզվեց, որ այստեղ էլ լուրջ խնդիրներ կան։ Ըստ քաղաքական ուժերից մեկի ներկայացուցչի՝ եթե ընդդիմության միավորումը չի ենթադրում մի մեծ ու միասնական ուժի ստեղծման հեռանկար, ապա դաշինքն անիմաստ է։ Սակայն միաձուլման հեռանկարը ոչ բոլորի սրտովն է։ Կարծիք հայտնվեց, որ մեկ միասնական «տանիքը» չէ կարևորը, այլ մեկ միասնական արժեհամակարգը։

Մեկ այլ հանգամանք՝ միավորումը միանգամյա գործողություն չէ։ Այն պետք է լինի երկարաժամկետ քաղաքական ծրագրային գործնեություն։

Շատ կարևոր մի հանգամանք ևս. վաղուց ժամանակն է, որ ընդդիմությունը գիտակցի՝ իշխանության դեմ քվեն ինքնաբերաբար ընդդիմությանը տրվող քվե չէ։ Ամեն ինչ այդքան պարզունակ չէ։ Վկան՝ ամերիկյան վերջին ընտրությունները և պարոն Թրամփին դեմ քվեները. դրանցից բոլորը չէ, որ հայտնվել են տիկին Քլինթոնի «գրպանում»։

Եւ ամենակարևորը՝ քաղաքական ընդդիմախոսներից և մրցակիցներից զատ կա նաև մեկ այլ, ավելի լուրջ «թշնամի»։ Դա ընտրազանգվածի քաղաքական նիհիլիզմն ու քաղաքական անգրագիտություն-կիսագրագիտությունն է։ Ինչպես կատակեց մասնակիցներից մեկը՝ մեր ընտրողը կարծես ձիարշավարանում լինի, ուր խաղադրույք է անում հաղթող ձիու վրա։

«Անալիտիկոն» ամսագրի հրատարակումը և դրա հանրային քննարկումներն անցկացվում են Միացյալ Թագավորության Հակամարտությունների, անվտանգության և կայունության հիմնադրամի աջակցությամբ՝ Հայաստանում Բրիտանական դեսպանատան միջոցով։

Աննա Բարսեղյան