Թուրքիան ցասման մեջ է Եվրախորհրդարանի որոշման կապակցությամբ

Թուրքիայի կառավարությունը ցասման մեջ է երեկ Եվրախորհրդարանում անցած քվեարկության կապակցությամբ, որի արդյունքում սառեցվել են Թուրքիա-ԵՄ անդամակցության բանակցությունները, հաղորդում է Hurriyet Daily News-ը:

Բրյուսելի հետ գլխավոր բանակցող Օմար Չելիքը հայտարարել է, որ այդ որոշումն «անվավեր է» կառավարության համար՝ նշելով, որ չէր ցանկանա հայտարարություններ անել Եվրախորհրդարանի «անհեռատես» որոշման վերաբերյալ։

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Եվրախորհրդարանի այդ քայլը «երկերեսանի» է որակել և «երկակի չափանիշների արդյունք»։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 23-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել էր, որ անկախ քվեարկության արդյունքից՝ այն «արժեք չի ունենա» Թուրքիայի համար։ Նա մեղադրել է Եվրոպային ահաբեկչական կազմակերպություններին սատարելու մեջ։

Մինչդեռ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր՝ Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Օզթյուրք Յըլմազն ասել է, որ որոշումը ճանապարհ է հարթում Թուրքիայում «միանձնյա ռեժիմի» հաստատման համար և վերահաստատել է կուսակցության աջակցությունը բանակցությունների շարունակմանը։

Նոյեմբերի 24-ին Եվրախորհրդարանը քվեարկել է Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները սառեցնելու օգտին։

Եվրախորհրդարանի կայքի փոխանցմամբ՝ որոշման օգտին քվեարկել է 479 պատգամավոր, 37-ն արտահայտվել է դեմ, 107-ը՝ ձեռնպահ։ Եվրամիությանն այս քայլը արձագանք է Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո իշխանությունների կողմից ընդդիմության և անկախ մամուլի դեմ իրականացվող բռնաճնշումների։

Խորհրդարանականները խոստացել են վերանայել իրենց դիրքորոշումը, երբ անհամաչափ ռեպրեսիվ միջոցները Թուրքիայում վերացվեն։

«Թուրքիան կարևոր գործընկեր է ԵՄ-ի համար, սակայն գործընկերային հարաբերություններում համագործակցելու ցանկությունը պետք է երկկողմ լինի ․․․ Թուրքիան ցույց չի տալիս այդ քաղաքական կամքը, քանի որ կառավարության գործողությունները շարունակում են Թուրքիան շեղել եվրոպական ճանապարհից»,- ասված է բանաձևում։

Մեկնաբանել