ՀՀ դատավորները ՅՈՒԿՕՍ-ի գործով դատավճիռներ են կայացրել Ռուսաստանի թելադրանքով․ FT

Հայաստանի դատական համակարգը ՅՈՒԿՕՍ մասնավոր նավթային ընկերության գործով դատավճիռներ է կայացրել ռուսաստանյան «Ռոսնեֆտ» նավթագազային պետական հսկայի թելադրանքով․ այս մասին են վկայում հոլանդական NRC Handelsblad և բրիտանական Financial Times պարբերականների բացահայտումները։

FT-ի տրամադրության տակ են հայտնվել մի շարք էլեկտրոնային նամակներ, որոնք վկայում են՝ հայաստանյան դատական համակարգը մանիպուլացնելու միջոցով «Ռոսնեֆտը» մասնավոր ՅՈՒԿՕՍ-ից խլել է հարյուր միլիոնավոր դոլարներ։

NRC Handelsblad-ի տվյալներով՝ «Ռոսնեֆտը» կանգնած է 2010թ․ հոկտեմբերին Հայաստանի Վճռաբեկ դատարանի որոշման հետևում, որով ռուսաստանյան ընկերությունը ՅՈՒԿՕՍ-ի հայաստանյան դուստր ձեռնարկության՝ Yukos CIS Investment-ի սեփականատեր է ճանաչվել։ Հենց այդ որոշման հիման վրա էլ 2011թ․ մայիսին հոլանդական դատարանը նույնպես նմանատիպ որոշում է կայացրել։

Ըստ FT-ի՝ «Ռոսնեֆտ»-ի իրավաբանները ուղղորդել են ՀՀ դատավորի՝ ՅՈՒԿՕՍ-ին վերաբերող հինգ գործերում։

«Մենք միշտ իմացել ենք, որ ռուսաստանյան իշխանությունները ուղղորդել են Ռուսաստանում դատական որոշումների ընդունման գործընթացը»,- ասել է ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավարներից Սթիվեն Թիդին՝ նշելով, որ էլեկտրոնային նամակները թույլ են տվել հասկանալ, թե «ինչ է իրականում տեղի ունենում հետնաբեմում»։

«Դա գալիս է ապացուցելու ամենասկզբից մեր որդեգրած դիրքորոշումը, այն է՝ սնանկությունը [ՅՈՒԿՕՍ-ի – ՍիվիլՆեթ]․․․հիմնված էր դատարաններին մանիպուլացնելու վրա»,- նշել է Թիդին։

Բրիտանական պարբերականը տեղեկացնում է, որ ՅՈՒԿՕՍ-ի հայաստանյան դուստր ձեռնարկության գործում ներգրավված դատավոր Սուրիկ Ղազարյանը 2011թ․ ճնշման տակ պաշտոնաթող է եղել և հեռացել ԱՄՆ, որտեղ քաղաքական ապաստան է ստացել։

Հոլանդական դատարանին տված ցուցմունքում նա պատմել է, որ վերոհիշյալ գործերով դատավճիռներ էր կայացրել վերևից թելադրանքով։

Հոլանդական NRC Handelsblad-ը մատնանշում է, որ «Ռոսնեֆտ»-ին մանիպուլյացիաներում օժանդակել է ամերիկյան Baker Botts իրավաբանական ընկերությունը, հայ և ռուս պաշտոնյաներ, ինչպես նաև փաստաբան Էդուարդ Մուրադյանը, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներ։

Դատարանի վրա «Ռոսնեֆտ»-ի ճնշման մասին վկայություններ ՅՈՒԿՕՍ-ի փաստաբանները ներկայացրել էին դեռ 2014թ․ լսումներում։ Մեկ տարի անց այդ վկայությունները Ամստերդամի դատարանում ճանաչվել են որպես փաստանշան։

Դրանից հետո «Ռոսնեֆտ»-ը հետ է կանչել իր հայցը ՅՈՒԿՕՍ-ի հայկական ստորաբաժանման դեմ, իսկ վերջինիս ակտիվները՝ 337 մլն դոլարի չափով, բաշխվել են ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերի միջև։

«Ռոսնեֆտ»-ից NRC Handelsblad-ին ասել են, որ Հայաստանի դատարանի որոշումները «հիմնավորված էին և կայացվել օրենքի համաձայն»։ Baker Botts-ում էլ հերքել են պնդումները, որ ընկերությունը որևէ կերպ ազդեցություն է ունեցել հայկական արդարադատության վրա։

FT-ն նույնպես մեկնաբանության համար դիմել է «Ռոսնեֆտ», որտեղից հայտարարել են, որ ՀՀ դատարանների որոշումները համապատասխանել են ՀՀ օրենսդրությանը։

*** 

ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերը դատական հայցեր են ներկայացրել Ռուսաստանի դեմ՝ համոզված լինելով, որ ընկերությունն ապօրինաբար ունեզրկվել է։ 2007թ․ ՅՈՒԿՕՍ-ը սնանկ է ճանաչվել և լուծարվել, իսկ հիմնական ակտիվների սեփականատեր է դարձել «Ռոսնեֆտը»։ 

2014թ․ հուլիսին Հաագայի դատարանը Ռուսաստանին պարտադրել է 50 մլրդ դոլար վճարել ՅՈՒԿՕՍ-ի նախկին համասեփականատերերին՝ ինը տարի տևած դատական վեճերից հետո ճանաչելով, որ ընկերությունն ունեզրկվել էր։ 

2016թ․ Հաագայի շրջանային դատարանը վճռել է, որ Հաագայի արբիտրաժը չուներ բավարար իրավազորություն ՅՈՒԿՕՍ-ի գործում, և չեղյալ է համարել գումարի գանձման որոշումը։ 

ՅՈՒԿՕՍ-ի նախկին սեփականատեր, հայտնի գործարար, ընդդիմադիր Միխայիլ Խոդորկովսկին տասը տարվա ազատազրկումից հետո դուրս գալով բանտից՝ բնակություն է հաստատել Շվեյցարիայում։ 

Խոդորկովսկին համախոհների հետ հիմնել է «Բաց Ռուսաստան» շարժումը, որը պատրաստվում է 2018թ․ Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրել։

Ստելլա Մեհրաբեկյան