ԿԲ-ն նվազեցրել է տնտեսական աճի շեմը

Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ տնտեսական աճը կկազմի ընդամենը 1.3-1.8 տոկոս, մինչդեռ 2016թ․ պետական բյուջեի նախագծում դրված է 2,2 տոկոս աճի կանխատեսումը։

Հայաստանի կենտրոնական բանկը նոյեմբերի 25-ին հրապարակել է 2016-ի 4-րդ եռամսյակի գնաճի հաշվետվությունը, որում ԿԲ-ն կանխատեսում է, որ տնտեսական աճը 2016-ին կկազմի 1.3-1.8 տոկոս։ Նախորդ ամսվա գնաճի հաշվետվությամբ` կանխատեսվում էր 2.8-3.4 տոկոսի սահմաններում տնտեսական աճ: Իսկ մայիսին նշվում էր 2.7-3.6 տնտեսական աճի հնարավորություն:

Ըստ Կենտրոնական բանկի, տնտեսական աճին հիմնականում կնպաստի արտահանումը։ Տնտեսական ակտիվության կտրուկ վատացումը, ըստ ԿԲ հաշվետվության, պայմանավորված է գյուղատնտեսության և արդյունաբերության ճյուղերի աճի տեմպերի դանդաղեցմամբ, առևտրի ծավալների սպասվածից շատ նվազմամբ:

2016-ին ակնկալվում է Ռուսաստանից եկող տրանսֆերտների նվազում, մասնավոր ներդրումներն էլ կնվազեն 3.5 տոկոսով։ Կենտրոնական բանկի կանխատեսմամբ՝ 2017-ից տնտեսական աճի տեմպերը կսկսեն արագանալ։

Անցյալ շաբաթ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել էր այս տարվա 10 ամիսների հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Ըստ այդ տվյալների՝ այս տարվա 10 ամիսների տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է ընդամենը 0.4 տոկոս։ Անկումներ են գրանցվել շինարարության, գյուղատնտեսության, առեւտրի շրջանառության, էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում։

Կենտրոնական բանկի 2016թ․ 4-րդ եռամսյակի գնաճի հաշվետվությունը։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել