Ամերիկյան ընկերությունը կգնի «Աշտարակ կաթ»-ը

Ամերիկյան «Ադրա Ռեմարա» ընկերությունը (Adra Remara Enterprises) կգնի «Աշտարակ կաթ» ընկերությունը, որը կուտակած պարտքերի պատճառով դադարեցրել էր գործունեությունը:

Ինչպես հաղորդում է Banks.am-ը, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ ներկայում ընթանում է բանակցային գործընթաց:

Փոխնախարարը նշել է, որ եղել են «Աշտարակ կաթ»-ը գնել ցանկացող այլ ընկերություններ ևս, սակայն «սա առավել իրատեսական հնարավորությունն էր»:

«Աշտարակ կաթ»-ի առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանը վստահեցրել է, որ ընկերության արտադրանքն արդեն իսկ երեք օր է` շուկայում է: Առողջացման ծրագրի շրջանակներում ընկերությունը փորձելու է անել առավելագույնը` չկորցնելու իր գնորդին: Արտակ Ավագյանը տեղեկացրել է նաև, որ պարտքերի մարման շուրջ առանձին բանակցություններ են ընթանում գյուղմթերողների հետ։ Ավագյանի խոսքով՝ «Աշտարակ կաթ»-ը կուտակել է շուրջ 180 մլն դրամի պարտք։

Նախօրեին «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր, որ իր տեղեկությունների համաձայն՝ «Աշտարակ կաթ» ընկերությունը ցանկանում է գնել գոմեշի միս ներմուծող «Պարգև» ՍՊԸ-ն, և որ այդ ընկերության հիմնադիրներից մեկը Արտակ Ասատրյանն է [«Ադրա Ռեմարա»-ի ներկայացուցիչ – խմբ․]։ Այսօր լրագրողների հետ զրույցում «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան Արտակ Ավագյանն ասել է, որ իրենք «Պարգև» ՍՊԸ-ի հետ որևէ կապ չունեն։

Նախքան մամուլի ասուլիսը «Ադրա Ռեմարա»-ի ներկայացուցիչ Արտակ Ասատրյանը և «Աշտարակ կաթ»-ի առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանը հանդիպում էին ունեցել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Սուրեն Կարայանն ասել էր, որ «Աշտարակ կաթ»-ի շուրջ առաջացած խնդիրների լուծման նպատակով ունեցել են մի շարք քննարկումներ։ «Հիմա հասել ենք խնդրի հանգուցալուծման փուլին: Մեզ համար կարևոր է հասկանալ, թե ինչ հունով է շարունակելու աշխատել ընկերությունը, ինչ աշխատատեղեր են պահպանվելու, ինչպես են մարվելու գյուղացիների պարտքերը: Մեր նախկին քննարկումների ժամանակ մոտեցումներ ենք ամագրել: Այսօր դրանք կբերվեն վերջնական տեսքի»,- ասել էր նա։

«Աշտարակ կաթ»-ի՝ գործունեությունը դադարեցնելու մասին հայնտի էր դարձել նոյեմբերի 18-ին։ Ընկերությունը մեծ պարտքերի արդյունքում դադարեցրել էր մթերումները, չէր իրականացնում մատակարարումներ։

Մեկնաբանել