Զինյալները նահանջել են Հին Հալեպի շրջանից, շատերը հանձնվել են․ «Գանձասար»

Զինյալ խմբավորումները դեկտեմբերի 6-ի ուշ գիշերը հավաքականորեն նահանջել են Հին Հալեպի շրջանից, շատերը հանձնվել են, հաղորդում է «Գանձասար» թերթը ֆեյսբուքյան իր էջում։

Թերթը տեղեկացնում է, որ ոմանք հանձնվել են սիրիական բանակին՝ վայր դնելով զենքը։

Հաղորդվում է, որ սպասվում է սիրիական բանակի հրամանատարության պաշտոնական հայտարարությունը։

Շրջանի բնակչությունը բանակի տրամադրած փոխադրամիջոցներով դուրս է բերվում մինչև շրջանի ականազերծումն ու անվտանգության հաստատումը։

Սիրիական պաշտոնական SANA գործակալությունն իր հերթին տեղեկացնում է, որ բանակը վերահսկողություն է սահմանել Հալեպի Քարմ ալ-Դադա, Քարմ ալ-Քաթիրջի և Ալ-Շաար թաղամասերում։

BBC-ն տեղեկացնում է, որ սիրիական կառավարական ուժերն արդեն գրավել են Հալեպի արևելքի 70 տոկոսը։ Հղում անելով դիտորդներին՝ կայքը գրում է, որ բանակը գրավել է նաև Շեյխ Լուֆտի և Մարջա թաղամասերը։

Երկուշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին չի հաջողվել բանաձև ընդունել Հալեպում յոթնօրյա հրադադար հաստատելու հարցով Ռուսաստանի ու Չինաստանի վետոյի պատճառով։

Բանաձևի նպատակն էր օգնություն հասցնել Հալեպին և պայմաններ ստեղծել Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելու համար:

ԱՄՆ-ը հայտարարել է, որ այդ կերպ Ռուսաստանը փորձում է ամրապնդել սիրիական կառավարական ուժերի նվաճումները։

Կարդացեք նաև՝ Արևելյան Հալեպի մեկ երրորդն անցել է Ասադի զորքերի վերահսկողության տակ։

Մեկնաբանել