Ղարաբաղի վարչապետը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում    

Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 6-ին մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպված Արցախի անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը և հանդես եկել ելույթով, տեղեկացնում է ԼՂՀ կառավարության կայքէջը։ Միջոցառմանը ներկա են եղել մեկ տասնյակ կոնգրեսականներ, ԱՄՆ գործադիր մարմնի ներկայացուցիչներ, հայ համայնքի և կազմակերպությունների անդամներ, ինչպես նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը։ Արայիկ Հարությունյանն իր ելույթում է ունեցել և խոսել Ղարաբաղի տնտեսության, անվտանգության, նոր սահմանադրության և այլ հարցերի մասին։

«Մեզ հաջողվել է նախորդ տարիներին էականորեն բարելավել Արցախի բնակչության կյանքի որակը: Այսպես, օրինակ, վերջին 20 տարվա ընթացքում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն աճել է մոտավորապես 12 անգամ՝ 1995 թվականի շուրջ 250 դոլարից 2015 թվականին հասնելով շուրջ 3000 դոլարի: Ավելին, վերջին տարիներին գրանցված՝ համախառն ներքին արդյունքի տարեկան միջինը շուրջ 10 տոկոս աճը բաղձալի տեմպ կարող է համարվել ցանկացած պետության համար: Անկախության հռչակումից հետո մենք խորհրդային պլանային տնտեսությունից անցում կատարեցինք ազատական շուկայական հարաբերությունների, որը այնքան էլ հեշտ ճանապարհ չէ: Սակայն մենք կարողացանք տարիների ընթացքում ավերված տնտեսությունը վերականգնել և երաշխավորել տնտեսական ազատություններն ու մրցակցությունը: Ավելին, կիրառելով միջազգային փորձը և հենվելով ներքին առանձնահատկությունների վրա՝ այժմ Արցախը ունի տարածաշրջանում ամենարագ տեմպերով զարգացող և ներդրումների համար, երևի թե, ամենաբարենպաստ հարկային դաշտ ունեցող տնտեսությունը: Պատկերացրեք՝ նույնիսկ գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին մենք արձանագրում էինք շուրջ 10 տոկոս տնտեսական աճ՝ հավակնոտ ծրագրեր իրագործելով հիդրոէներգետիկայում, գյուղատնտեսությունում, սննդի ու տեքստիլ արդյունաբերությունում և հանքարդյունաբերությունում: Այդ քայլերի շնորհիվ՝ ի թիվս այլ շոշափելի հաջողությունների, Արցախը այժմ լրիվ ինքնաբավ է էլեկտրաէներգիայի սպառման հարցում և արդեն էլեկտրաէներգիա է արտահանում Հայաստանի Հանրապետություն»,- ասել է ԼՂՀ վարչապետը:

Ի դեպ, այդ ողջ էլեկտրաէներգիան մենք արտադրում ենք բացառապես վերականգնվող պաշարներից՝ առանց վնաս հասցնելու շրջակա միջավայրին: Ինչպես տեսնում եք, Արցախի Հանրապետությունը ներդրում ունի տարածաշրջանի էկոլոգիայի պաշտպանության գործում, սակայն, այդ ամենով հանդերձ, մենք զրկված ենք միջազգային աջակցության հնարավորություններից: Չե՞ք կարծում, որ ինչպես մարդու իրավունքները, այնպես էլ շրջակա միջավայրի պաշտպանությունը սահմաններ ու երկրի միջազգային կարգավիճակ չի ճանաչում:

Արցախի տնտեսության ու ավերված ենթակառուցվածքների վերականգնումը և հետագա զարգացումը հնարավոր են դարձել և՛ ներքին ռեսուրսների արդյունավետ կառավարման, և՛ մայր Հայաստանի ու Սփյուռքի մշտական աջակցության ու ներդրումների շնորհիվ: Բացի դրանից,

Արայիկ Հարությունյանը խոսել է նաև Ղարաբաղի տնտեսությունում օտարերկրյա ներդրումների մասին․«Մենք պարբերաբար ներգրավում ենք նաև օտարերկրյա ներդրումներ, որոնք շոշափելի հաջողություններ են գրանցել Արցախում: Օրինակ, մեր կապի օպերատորի սեփականատերը լիբանանցի է, ով ամենախոշոր ներդրողներից մեկն է համարվում: Բազմաթիվ օտար ներդրողների շարքում ունենք նաև իտալական հագուստի բրենդային ընկերություններ: Մեկ այլ հետաքրքիր օրինակ է սև խավիարի արտադրությունը, որի մեջ մի օտարերկրացի գործարար խոշոր ներդրում է կատարել և շուտով սկսելու է Արցախից սև խավիար արտահանել: Շտապեմ հանգստացնել ձեզ, որ ի տարբերություն մեր հայտնի հարևանների՝ մենք չենք պատրաստվում սև խավիարն օգտագործել դիվանագիտության մեջ»։

Լեռնային Ղարաբաղի վարչապետը ուշադրություն է հրավիրել Ապրիլյան պատերազմում Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի խախտումներին․

«Ադրբեջանի զինված ուժերը հասցրեցին որոշ ռազմական և մարդկության դեմ ուղղված այլ հանցանքներ իրագործել: Մասնավորապես, արցախյան Թալիշ գյուղում նրանք դաժանորեն խոշտանգեցին և սպանեցին երեք քաղաքացիական անձանց՝ այդ թվում՝ մեկ 90-ամյա կնոջ: Նրանք Իսլամական պետությանը բնորոշ ձևերով գլխատեցին երեք զինծառայողի, իսկ շուրջ երկու տասնյակ զինծառայողների մարմինները խոշտանգեցին՝ ոմանց կենդանի, ոմանց մահացած ժամանակ: Ավելին, այդ հանցագործները օրեր անց պարգևատրվեցին և հերոսացվեցին անձամբ Ադրբեջանի նախագահի կողմից: Բացի դրանից, ադրբեջանական հրետանին միտումնավոր թիրախավորում էր ղարաբաղյան քաղաքացիական բնակչությանը, ինչի հետևանքով մի երեխա զոհվեց դպրոցի ճանապարհին»:

Արայիկ Հարությունյանը ողջունել է Ղարաբաղյան համակարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը․ «Արցախի ժողովուրդը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԱՄՆ ունեցած դերակատարումը խաղաղության ապահովմանն ու հակամարտության վերջնական լուծմանը միտված քայլերի իրականացման գործում: Ուրախ ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կիսում է մեր դիրքորոշումը՝ ռազմական գործողությունների անթույլատրելիության և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում: Այդ կապակցությամբ, շնորհակալ ենք նաև ԱՄՆ յոթ նահանգներին՝ Ռոդ Այլենդին, Մասսաչուսեթսին, Մեյնին, Լուիզիանային, Կալիֆորնիային, Ջորջիային և Հավայիին՝ Արցախի Հանրապետության անկախությանը և մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքին աջակցելու համար»:

Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղին հատկացվող ամերիկյան օգնությունը միակ պաշտոնական օտարերկրյա աջակցությունն է։ «Շնորհակալ ենք ԱՄՆ Կոնգրեսի և բոլոր ամերիկացիների կողմից ամեն տարի Արցախին ցուցաբերվող ֆինանսական աջակցության համար: Հուսով եմ՝ տեղյակ եք, որ դա միակ օտարերկրյա պաշտոնական աջակցությունն է Ղարաբաղի ժողովրդին: Այդ հումանիտար օգնության շնորհիվ՝ բազմաթիվ կյանքեր են փրկվել, բազմաթիվ ենթակառուցվածքներ են վերականգնվել: Միայն երկու օրինակ կբերեմ, որպեսզի պատկերացնեք ձեր կողմից ցուցաբերվող աջակցության կարևորությունը: Այսպես՝ 2000 թվականից ի վեր՝ միայն ԱՄՆ կողմից «Հալո Թրասթ» կազմակերպությանը տրամադրված միջոցներով 1848 հեկտար տարածք է ականազերծվել ղարաբաղյան բնակավայրերում՝ կանխարգելելով հնարավոր դժբախտ դեպքերը: Տեղեկացնեմ, որ եթե 1990-ական թվականներին Արցախը աշխարհում առաջին տեղում էր մեկ շնչին բաժին ընկնող պատերազմի պայթուցիկ մնացորդների քանակով, ապա այժմ մեր հանրապետությունում, նաև ամերիկյան աջակցության շնորհիվ, մնացել է համեմատաբար քիչ՝ 722 հեկտար ականադաշտ: Շնորհակալություն ձեզ փրկված կյանքերի համար»։ Նա նշել է նաև, որ ամերիկյան աջակցությամբ վերականգնվել է Ստեփանակերտի խմելու ջրի ցանցը։

Ելույթի վերջում նա անդրադարձել է Արցախում սահմանադրական փոփոխություններին։ «Մենք նպատակ ունենք բարձրացնել քաղաքական համակարգի արդյունավետությունը, ավելի ամրացնել մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքները և մեր պետականության հիմքերը: Այնուամենայնիվ, քաջ հայտնի է, որ ժողովրդավարության կառուցումը այնքան էլ հեշտ ուղի չէ, առավել ևս՝ երբ դրան զուգահեռ ստիպված ես լինում մաքառել սեփական անվտանգության ապահովման համար: Սակայն Արցախի ժողովուրդը հաստատակամ է այդ երկուսին համատեղ հասնելու ճանապարհին, առանց զոհաբերելու ազատությունները՝ հանուն անվտանգության, որպեսզի, ինչպես ԱՄՆ հիմնադիր հայրերից Բենջամին Ֆրանկլինն է խորհուրդ տվել, արժանանանք և՛ ժողովրդավարությանը, և՛ անվտանգությանը»:

Մեկնաբանել