Պալմիրան նորից ընկավ

Սիրիական իշխանությունները հաստատել են զինյալ խմբավորումների կողմից Պալմիրա քաղաքի նվաճումը։ Ինչպես հաղորդում է BBC-ն, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությունը խոստանում է անել հնարավոր ամեն ինչ ջիհադականներին հնագույն քաղաքից դուրս մղելու համար։

Հոմսի նահանգապետ Թալալ Բարազին հայտարարել է, որ զինյալներին օգնության են եկել ստորաբաժանումներ Ռաքքայից և Դեյր էզ-Զորից։

Shamfm.fm ռադիոկայանի հաղորդմամբ, նահանգապետը նաև տեղեկացրել է, որ Պալմիրայից նահանջելուց առաջ սիրիական զորքերը տարհանել են բնակչության մոտ 80 տոկոսին։ Նրա խոսքով՝ ներկայում սիրիական բանակի և զինյալների միջև ընթանում են կատաղի մարտեր՝ դեպի Հոմս վերջիններիս առաջխաղացումը կանխելու համար։ Բարազին համոզմունք է հայտնել, որ քաղաքը շուտով կազատագրվի։

Իսլամական պետության կողմից Պալմիրայի պաշարումը սկսվել էր ուրբաթ օրը, դրան մասնակցել է 4 հազ․ զինյալ։ Ըստ դիտորդական հաղորդագրությունների՝ իսլամիստներն օգտագործել են հրետանի և ականապատված ավտոմեքենաներ։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ սիրիական կառավարական ուժերը, ռուսական օդուժի օգնությամբ, զինյալների դիրքերին հասցրել են 64 հարված, սպանվել է ավելի քան 300 ահաբեկիչ։

«Իսլամական պետությունը» Պալմիրան դիտարկում է որպես ռազմավարական հենակետ, որը մոտ է նավթի հանքավայրերին։

***

Պալմիրան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է, Մերձավոր Արևելքի ամենահայտնի ճարտարապետական համալիրներից մեկը: Ահաբեկիչները քաղաքն առաջին անգամ գրավել էին 2015թ. մայիսին՝ սպանելով ավելի քան 400 խաղաղ բնակչի:

Տասն ամիսների ընթացքում ահաբեկիչները ոչնչացրել էին հնագույն բազմաթիվ հուշարձաններ, որոնք համաշխարհային ժառանգության օբյեկտներ էին:

2016թ․ մարտին քաղաքն ազատագրվել էր։

Մեկնաբանել