Իրանը հայտարարել է, որ համաձայնեցրել է եվրոպական Airbus կոնցեռնից 100 ինքնաթիռ գնելու պայմանները․ պայմանագիրը կնքվի առաջիկա օրերին, ինքնաթիռների մատակարարումը կսկսվի 2017թ․ հունվարին։
Կայացված պայմանավորվածություններով՝ Airbus-ը Իրանին կմատակարարի չորս տիպի ուղևորատար ինքնաթիռ՝ А320, А321, А330 և А350։
«Մենք ավարտել ենք Airbus-ի հետ բանակցությունները, և ցանկացած օր պատրաստ ենք ստորագրել պայմանագիրը Թեհրանում»,- Reuters գործակալությանն ասել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարի տեղակալ Ասղար Ֆախրիե Քաշանը։
Reuters-ը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ առաջին Airbus A321 օդանավերը Թեհրանին նախատեսվում է մատակարարել հունվարին՝ նախքան ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։ Վերջինս հայտարարում է Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը չեղարկելու մտադրության մասին, ինչին հակադարձում է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ ասելով, որ թույլ չի տա Թրամփին խզել գործարքը։
Ավելին, վերջերս Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն CBS ամերիկյան հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդաշարի շրջանակում հայտարարել էր, որ Թրամփին համոզելու է չեղարկել Իրան-Վեցյակ համաձայնագիրը՝ նշելով, որ գործարքից ձերբազատվելու «առնվազն հինգ տարբերակ ունի մտքում»։
Անցյալ շաբաթ Թեհրանը Boeing ընկերությունից 80 օդանավ գնելու վերաբերյալ գործարք էր կնքել, որը նախատեսված է տասը տարով։ Իրանը ձեռք է բերում Boeing 737 MAX 8 նորագույն մոդելի 50, Boeing 777-300 ER տեսակի 15, ինչպես նաև Boeing 777-9 տեսակի 15 օդանավ։
2016թ․ սեպտեմբերին ամերիկյան Boeing կորպորացիան և եվրոպական Airbus-ը Իրանի հետ բազմամիլիարդանոց գործարքներ կնքելու իրավունք էին ստացել։ Դա հնարավոր էր դարձել Իրանի դեմ պատժամիջոցների վերացման մասին համաձայնագրի կնքումից հետո։
***
2016թ․ հունվարի կեսին ԱՄՆ-ն ու Եվրամիությունը վերացրել էին Իրանի նկատմամբ պատժամիջոցները Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԵ-ի հայտարարությունից հետո, որ Իրանը կատարել է միջուկային ծրագրի մասով բոլոր պայմանները: Իրանի նկատմամբ Արևմուտքի երկրների պատժամիջոցները գործում էին 2005-ից՝ այդ երկրի կողմից միջուկային զենքի ստեղծմանն ուղղված ծրագրի պատճառով: Պատժամիջոցների վերացումից հետո Իրանը հայտարարել էր Airbus ընկերությունից ավելի քան 100 ինքնաթիռ գնելու ծրագրի մասին։
Ստելլա Մեհրաբեկյան