«Ադրբեջանը փորձում է մարդու իրավունքների իր «չափանիշները» տարածել երկրի սահմաններից դուրս»

Ադրբեջանը փորձում է մարդու իրավունքների իր «չափանիշները» տարածել երկրի սահմաններից դուրս. այսպես է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գերատեսչությունը մեկնաբանել Բելառուսում Իսրայելի քաղաքացի, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի նկատմամբ քրեական գործի հարուցումն ու ձերբակալությունը, որի պատճառ է դարձել Ադրբեջանի քննադատությունն ու այցելությունը Արցախ։

«Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի նկատմամբ քրեական գործի հարուցումը և ձերբակալումը լուրջ մտահոգության տեղիք են տալիս։ Ադրբեջանը, որտեղ քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների նկատմամբ շինծու պատրվակներով իրականացվող ճնշումները և քաղաքական հետապնդումները վաղուց ի վեր ավանդույթ են դարձել, փորձում է մարդու իրավունքների իր «չափանիշները» տարածել երկրի սահմաններից դուրս»,- արձագանքել է ԼՂՀ ԱԳՆ-ն։

Գերատեսչությունը շեշտում է, որ «նման գործելաոճը ոչ միայն մարդու հիմնարար իրավունքների, մասնավորապես ազատ տեղաշարժի և խոսքի ազատության իրավունքների «ակնհայտ ոտնահարում է, այլև ահաբեկման քաղաքականություն, որին պետք է համարժեք գնահատական տրվի միջազգային հանրության կողմից»։

Բաքվի բնակելի վայրերում՝ գրեթե կենտրոնում, հողը ներծծված է նավթի արտանետումներով։ Լուսանկարը՝ Լապշինի բլոգից

Իսրայելցի ճանապարհորդ, բլոգեր Ալեքսանդր Լապշինը անցած չորեքշաբթի ձերբակալվել էր Բելառուսում՝ Ադրբեջանի նախագահին ու իշխանություններին քննադատելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։ Ըստ Haaretz-ի՝ Լապշինը ձերբակալվել է Ադրբեջանի կառավարության խնդրանքով։

Ներկայում Բաքուն ձգտում է նրա արտահանձնմանը, իսկ նրա ընտանիքը մտավախություն ունի, որ արտահանձնման դեպքում Լապշինի կյանքը կարող է հայտնվել վտանգի տակ։

Ըստ Լապշինի ընկերների՝ նրան կարող է մեղադրանք առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգքի երկու

հոդվածների խախտման համար, որոնցից մեկն արգելում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը վնասող հանրային կոչը կամ աջակցությունը», իսկ մյուսն արգելում է Լեռնային Ղարաբաղ այցելել առանց Բաքվի համաձայնության։ Առաջին դրույթը խախտելու համար սպառնում է 5-8 տարի, իսկ երկրորդ դրույթի դեպքում՝ մինչև 5 տարի ազատազրկում։

Նոյեմբերի վերջին Բաքու կատարած այցի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից պարգևատրվել էր «Հեյդար Ալիև» շքանշանով։ Իր շնորհակալական խոսքում Բելառուսի առաջնորդը խոստացել էր «մեդալի համար վարձահատույց լինել»։

Գլխավոր լուսանկարը՝ Լապշինի բլոգից։ Բաքվի ետնախորշերը