Ռուս դիվանագետները արտասահմանում գրեթե անպաշտպան են. Ռուսաստանի նախկին դեսպան

Ռուսաստանցի նախկին բարձրաստիճան դիվանագետ, դեսպան Ալեքսանդր Պանովը հայտարարել է, որ Կրեմլի պաշտոնյաները արտասահմանում հաճախ գրեթե անպաշտպան են իրենց դեսպանատներից դուրս, հաղորդում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը:

Նորվեգիայում, Ճապոնիայում և Հարավային Կորեայում Ռուսաստանի նախկին դեսպան Ալեքսանդր Պանովը Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո բարձրաձայնել է արտերկրում դիվանագետների անվտանգության խնդրի մասին։

Նա հայտարարել է, որ դիվանագետներն իրենց ընդունող երկրներում կամ քաղաքներում ճամփորդելիս հաճախ բնավ պաշտպանված չեն։

«Ընդհանրապես, հյուրընկալող երկիրն ապահովում է դիվանագիտական առաքելությունների ու անձնակազմի պաշտպանվածությունը։ Դեսպանատունը սովորաբար պաշտպանված է տեղական ոստիկանության և անվտանգության ծառայությունների օգնությամբ։ Բայց երբ ես քաղաք էի դուրս գալիս կամ մեկնում որոշակի ուղևորությունների երկրում, որևէ պաշտպանություն չէի ունենում»,- ասել է Պանովը։

Նախկին դեսպանը հայտնել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կարողացել է հյուրընկալող պետությունից հայցել լրացուցիչ ոստիկանական պաշտպանություն միայն «բացառիկ հանգամանքների դեպքում», ինչպես օրինակ Աֆղանստանում։

«Անվտանգության մասնավոր աշխատակիցները իրավունք չունեն ընդունող երկրում զենք կրել, այնպես որ միևնույնն է, դա լուծում չէ»,- ասել է Պանովը։

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը սպանվել էր Անկարայում երկուշաբթի երեկոյան «Ռուսաստանը թուրքերի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի ժամանակ՝ 22-ամյա նախկին ոստիկան Մեւլութ Մերթ Ալթինթասի կողմից։

Մեկնաբանել