ՄԱԿ-ի բանաձևի ընդունումից հետո Նեթանյահուի մոտ են կանչվել ավելի քան 10 երկրների դեսպաններ

Իսրայելում ԱՄՆ-ի դեսպան Դեն Շապիրոն կանչվել է այդ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի մոտ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը ՄԱԿ-ում հակաիսրայելական բանաձևի ընդունում էր թույլ տվել, հաղորդում է Wall Street Journal-ը։ Նեթանյահուն իր բողոքն է հայտնել ընդունված բանաձևի առնչությամբ։

Դեկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկել էր պաղեստինյան տարածքներում իսրայելական բնակավայրերի կառուցումը քննադատող բանաձևի օգտին, ԱՄՆ-ը ձեռնպահ էր մնացել՝ չնայած Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի վրա գործադրած ճնշումներին և այդ հարցով ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ համաձայնությանը։ ՄԱԿ-ում ընդունված բանաձևը հարուցել է Նեթանյահուի ցասումը։ Նա պարզաբանմների համար կանչել է ՄԱԿ-ի ԱԽ 10 անդամ-երկրների դեսպաններին, որոնց թվում՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Չինաստանի և Իսպանիայի։

«Ելնելով այն տեղեկատվությունից, որին տիրապետում ենք, մենք կասկած չունենք, որ Օբամայի վարչակազմը դա նախաձեռնել է, կանգնած է դրա հետևում, համակարգել է տեքստի մշակումն ու պահանջել, որ դա տեղի ունենա»,- հայտարարել է Նեթանյահուն։

Սուրբ ծննդյան տոներին դեսպաններին պարզաբանումների կանչելը արտասովոր քայլ է և վկայում է Իսրայելի դժգոհության լրջության մասին։ Բենյամին Նեթանյահուն նաև հայտարարել է, որ բանաձևի ընդունմանը «պատասխան միջոցներ» կհետևեն։

Պաղեստինյան տարածքներում հրեական բնակավայրերի կառուցումը իսրայելա-պաղեստինյան հակամարտության մշտական խնդիրներից է։ Պաղետսինի գրավյալ տարածքների 140 բնակավայրերում մոտ 500 հազար հրեա է բնակեցվել 1967-ից հետո։ Միջազգային իրավունքի համաձայն՝ այդ բնակեցումները համարվում են անօրինական, թեև Իսրայելը դա չի ընդունում։

Մեկնաբանել