Ահաբեկչությունը Սոչիի ավիավթարի հիմնական վարկածը չէ․ ՌԴ նախարար

ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը հայտարարել է, որ ահաբեկչությունը Սոչիում Տու-154 ինքնաթիռի կործանման հիմնական վարկածը չէ։ Նա հավելել է, որ օդանավակայաններում անվտանգության լրացուցիչ միջոցներ սահմանելու անհրաժեշտություն չի տեսնում։

«Կառավարական հանձնաժողովի նպատակը աղետի պատճառների պարզումը չէ։ Դրանով զբաղվում է քննությունը։ Մեր տվյալներով, ահաբեկչությունը որպես հիմնական վարկած չի դիտարկվում։ Հիմնական վարկածներն են՝ օդաչուի սխալը կամ տեխնիկական անսարքությունը»,- ասել է Սոկոլովը։

Դեկտեմբերի 25-ին Սոչիում թռիչքից մի քանի րոպե անց վթարի է ենթարկվել ՌԴ պաշտպանության նախարարության Տու-154 ռազմատրանսպորտային ինքնաթիռը, որը Սիրիա էր տեղափոխում ՌԴ բանակի Ալեքսանդրովի անվան երգի և պարի ակադեմիական անսամբլին, Առաջին ալիքի, NTV, «Զվեզդա» ալիքների նկարահանող խմբերին, ինչպես նաև «Արդար օգնություն» ֆոնդի գործադիր տնօրեն Ելիզավետա Գլինկային, որը հայտնի էր որպես «բժիշկ Լիզա»։ Ինքնաթիռում կար 92 մարդ, որոնցից ոչ մեկը չի փրկվել։

Մեկնաբանել