Մոսկվան մտադիր չէ կրճատել իր միջուկային զինանոցը՝ ամերիկյան պատժամիջոցների վերացման դիմաց

Մոսկվան Վաշինգտոնի հետ պատժամիջոցների վերացման չափանիշներ չի քննարկում․ այսպիսի հայտարարություն է արել ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Պատժամիջոցները երկխոսության առարկա չեն, մենք չենք դրանք սահմանել, և մենք չէ, որ պետք է դրանք վերացնենք։ Պատժամիջոցների վերացման չափանիշներ մենք չենք քննարկել և չենք քննարկում։ Բոլոր այդ պատժամիջոցները սահմանվել են հորինված և ապօրինի պատրվակներով»,- ՄԱԿ-ում, «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ, լրագրողներին ասել է ռուսաստանցի դիվանագետը։

Նա նաև մեկնաբանել է ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որում վերջինս պատժամիջոցների վերացումը կապել է միջուկային զինանոցի կրճատման հետ։ Հունվարի 16-ին Թրամփը բրիտանական The Times-ին տված հարցազրույցում ասել էր, որ մտադիր է Ռուսաստանին առաջարկել վերացնել նրա դեմ պատժամիջոցները՝ միջուկային զինանոցի կրճատման դիմաց։

«Մեր դիրքորոշումը [զինաթափման հարցում] ձևակերպված է հստակ և մանրակրկիտ՝ այդ հարցերին չի կարելի մոտենալ՝ հաշվի չառնելով մի շարք գործոններ, որոնք ազդում են ռազմավարական կայունության վրա։ Իհարկե, մենք պատրաստ ենք երկխոսության և բաց կլինենք այդ ոլորտում ցանկացած գաղափարների քննարկման համար, սակայն գաղափարների քննարկումը հավասարազոր չէ դիրքորոշման փոփոխությանը»,- ասել է Ռյաբկովը՝ հավելելով, որ «միամիտ կլիներ ենթադրել, թե Մոսկվան ինչ-ինչ նկատառումներով կվերանայի իր գիծը», որը հիմնված է «Ռուսաստանի Դաշնության ազգային շահերի գիտակցման վրա»։

Այն մասին, որ Ռուսաստանը ներկայում չի դիտարկում պատժամիջոցների վերացման դիմաց իր միջուկային զինանոցը կրճատելու հնարավորություն, երեկ հայտարարել էր նաև Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Վերջինս, այդուհանդերձ, կոչ էր արել սպասել, մինչև Թրամփը կստանձնի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը։

Ավելի վաղ ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 2014թ․ մարտին Ղրիմի հարցով և ուկրաինական իրադարձություններով պայմանավորված։

2015թ․ դեկտեմբերին Վաշինգտոնը, որը Ռուսաստանին մեղադրում է իր նախագահական ընտրություններին միջամտելու և հաքերային հարձակումներ իրականացնելու մեջ, արտաքսել էր 35 ռուսաստանցի դիվանագետի՝ իրենց ընտանիքներով։

Մեկնաբանել