ԽՍՀՄ օրոք ծագելուց ի վեր ԼՂ հակամարտությունը չի եղել Բաքվի ներքին գործը․ «Թուրան»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ ղարաբաղյան հարցը Ադրբեջանի ներքին գործերին վերաբերող թեմա չէ, իրարանցում է առաջացրել ադրբեջանական հանրության ներսում, գրում է «Թուրան» վերլուծական ծառայությունը։

Լավրովի հայտարարությանը նույն օրն արձագանքել էր նրա ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովը՝ ասելով, որ Ռուսաստանը պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Օրերս ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքերին արձագանքել էր Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան․ «Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը պետք է հանդես գար հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակի ադեկվատ գնահատականով»։

«Թուրան»-ը հիշեցնում է Մոսկվայում ադրբեջանցի լրագրողի՝ Լավրովին ուղղված հարցը, թե արդյոք «Մոսկվան մտադի՞ր է միջամտել Ադրբեջանի ներքին գործերին գրավյալ տարածքներում հակաահաբեկչական օպերացիա սկսելու դեպքում» և նշում, որ ընդհանուր առմամբ, դժվար է հիշել մի դրվագ, երբ պաշտոնական Բաքուն Մոսկվային նման հարցով դիմեր։

«Բանն այն է, որ դեռ ԽՍՀՄ օրոք հակամարտության սկզբից ի վեր այն երբեք չի եղել Ադրբեջանի ներքին գործը․ նախ Բաքուն դիմում էր միութենական կառավարությանը, ապա՝ միջնորդների միջազգային խմբին՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի, և վերջապես 1993-ից հակամարտության հարցն ուղղվել է ՄԱԿ-ի ուսումնասիրությանը։ Այսպիսով՝ Բաքուն գիտակցաբար և, կարելի է ասել, հարկադրաբար, «ներքին գործերի» իր իրավունքը պատվիրակել է միջազգային հանրությանը, որը և ընդունում է տարբեր նախաձեռնություններ և կառավարում է հակամարտության կարգավորման ընթացքը»,- գրում է ծառայությունը։ Լավրովին, ըստ «Թուրան»-ի, չէր մնում այլ բան, քան փորձել պաշտապնել այն տերության դեմքը, որը ներկայացնում է, մասնավորապես, ղարաբաղյան բանակցություններում։

«Կարելի է ենթադրել, որ Լավրովի կտրուկ արձագանքի հետևում, այդուհանդերձ, ավելի լայն շահերն են, որոնք քննարկվում են 2016-ից հետո, երբ ավարտվել է Ադրբեջանին 5 մլրդ դոլարի սպառազինությունների մատակարարման հնգամյա շրջանը, ինչպես նաև գրանցվել է որոշ անկում 4-միլիարդանոց առևտրային հարաբերություններում, որոնք մոտ 80 տոկոսով Մոսկվայի օգտին էին։ Դրա օգտին է խոսում նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից հեռացող Նիկոլայ Բորդյուժայի տարեվերջի հայտարարությունը, որում դեկտեմբերի 29-ի Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպը գնահատվել էր որպես սադրանք ՀԱՊԿ-ի անդամի դեմ, ընդ որում, Լեռնային Ղարաբաղը միտումնավոր հիշատակվել էր որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ինչը չէր կարող չնյարդայնացնել Ադրբեջանին»,- ասված է վերլուծության մեջ։

Մատնանշվում է նաև «պաշտոնական Բաքվի հետ զգուշավոր Լավրովի» կտրուկ անդրադարձը Բելառուսում ազատազրկված իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը։

Նշելով վերջերս Դավոսում Ալիևի արած հայտարարությունը Ռուսաստանի հետ պաշտպանական սպառազինությունների մատակարարման շուրջ բանակցությունների վերաբերյալ, «Թուրան»-ը գրում է, որ Ալիևի վարչակազմն, ըստ ամենայնի, կցանկանար արժանանալ Մոսկվայի ավելի մեծ ուշադրությանը ղարաբաղյան հիմնախնդրի հարցում։

«Դեկտեմբերի 15-ին ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում, կարծես, կոնսենսուս էր կայացվել, քանի որ նա Բաքվից հեռացել էր բարձր տրամադրությամբ, որի մասին նշել էր Թվիթերում։ Սակայն Կրեմլի արտաքին քաղաքական բարձրախոսի ներկայիս արձագանքը կարող է նշանակել, որ կողմերը դեռ չեն եկել փոխզիջման «սպառազինություններ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում խաղաղության դիմաց» ձևաչափով»,- նշում են վերլուծության հեղինակները։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել