Միհրան Պողոսյանի օֆշորի գործը կարճվել է

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի վերաբերյալ օֆշորային հայտնի գործը Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը կարճել է։

Միհրան Պողոսյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով.

«Ի թիվս մամուլի հրապարակումներում առկա հարցապնդումները հերքող մի շարք այլ փաստաթղթերի՝ ներկայացվել է, օրինակ, օֆշորային ընկերությունների և Միհրան Պողոսյանին վերագրվող հաշիվների առկայության վերաբերյալ շվեյցարական LGT բանկի հայտնի հերքումը, որով փաստվում է, որ բանկային հաշիվներ չեն բացվել, հետևաբար՝ չկա ֆինանսական շարժ, ուստի և՝ խոսք չի կարող լինել ձեռնարկատիրական գործունեության մասին»։

Հատուկ քննչական ծառայությունն այս գործի նախաքննության շրջանակներում իրավական աջակցություն ստանալու միջնորդություն էր ներկայացրել Շվեյցարիայի Համադաշնությանն ու Պանամայի Հանրապետությանը։ 2017թ. հունվարի 11-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ստացել է Շվեյցարիայի Արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենտի գրությունն այն մասին, որ Միհրան Պողոսյանի գործով դատական միջնորդությունը չեն կարող բավարարել:

Անցյալ տարվա ապրիլին «Հետք» պարբերականը պարզել էր, որ Միհրան Պողոսյանը ներգրավված է օֆշորային սկանդալում ու Պանամայում գրանցված երեք օֆշորային ընկերությունների բաժնետեր է։ Ապրիլի 18-ին Պողոսյանը հրաժարական ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավարի պաշտոնից։

Մեկնաբանել