Հայաստանը միանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի զարգացման ցուցիչների շտեմարանին

Ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրներում մշակույթը լուրջ մասնաբաժին ունի ՀՆԱ-ի ձևավորման գործում`1.5%-ից մինչև 5.7%: Օրինակ Էկվադորում մշակույթի մասնաբաժինը ՀՆԱ-ում ավելին է, քան սուրճի, բանանի և կակաոյի արտադրությունը:

2016 թվականից Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի շրջանակում սկսվել է մշակույթի զարգացման ցուցիչների ազգային զեկույցի մշակումը, որը հնարավորություն է տալիս համաշխարհային իրադարձությունների տեսակետից դիտարկել ազգային մարտահրավերները:

Մշակույթի զարգացման ցուցիչների մեթոդաբանությունը մշակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից և կիրառության մեջ ներառվել 2009-ից: Սա մի գործիք է, որ հնարավորություն է տալիս գնահատել պետության զարգացման գործում մշակույթի դերը: Այն հնարավորություն է տալիս փաստերի և թվերի օգնությամբ ներկայացնել, թե ինչպես է մշակույթն ազդում կամ աջակցում զարգացման գործընթացներին: Մշակույթի ազդեցության ներկայացումը հնարավորություն է տալիս այն ներառել պետության զարգացման ռազմավարությունում: Ուսումնասիրությունը կատարվում է յոթ բնագավառում`տնտեսություն, կրթություն, կառավարում, սոցիալական մասնակցություն, գենդերային հավասարություն, հաղորդակցություն և ժառանգություն:

Զեկույցի արդյունքները կներկայացվեն նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի զեկույցը գրանցվի կազմակերպության տվյալների բազայում:

Մշակույթի զարգացման ցուցիչների (ՄԶՑ) ազգային զեկույցը մշակում է Ջեներալ Ստանդարդ Քընսալթինգը` ՀՀ մշակույթի նախարարության միջնորդությամբ և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ:

Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի նպատակն է աջակցել մշակութային ու ստեղծագործական ոլորտների՝ կայուն մարդասիրական, սոցիալական և տնտեսական զարգացմանը Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում: Մրցակցային գործընթացի արդյունքում ծրագիրը կառավարում է Բրիտանական խորհրդի կողմից գլխավորող կոնսորցիումը՝ համագործակցելով Մոլդովայի Սորոսի հիմնադրամի, Լեհաստանի մշակույթի ազգային կենտրոնի և Գյոթե ինստիտուտի հետ:

Մեկնաբանել