Քրիս Բոհջալյանը գիրք կգրի՝ 1915-ը զուգահեռելով այսօրվա իրադարձություններին

Ամերիկահայ անվանի գրող Քրիս Բոհջալյանը Փիթսբուրգի՝ Քարնեգիի գրադարանում հավաքված երկրպագուներին պատմել է Հայոց ցեղասպանության մասին։ «Ամերիկայի ձայնը» ներկա է եղել հանդիպմանը։

«Երբ խոսում ենք ցեղասպանության մասին, դրանք միայն թվեր չեն՝ 6 միլիոն, 1.5 միլիոն, դրանք կորած պատմություններ են, սպիներ քաղաքակրթության երեսին», – անվանի ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանն այս անգամ իր պատմություններն էր պատմում Փիթսբուրգի՝ Քարնեգիի գրադարանում հավաքված երկրպագուներին:

Դահլիճը խորասուզված հետևում էր սիրված հեղինակի յուրաքանչյուր բառին՝ շուտվանից անցել են ժամանակները, երբ Քրիս Բոհջալյանը հայտնի էր միայն հայերի շրջանում. Այսօր ամերիկահայ գրողը երկու տասնյակ հանրահայտ վեպերի հեղինակ է:

Ու թեև հանդիպման նպատակը Բոհջալյանի՝ «Լուսնոտ» անվամբ նոր գրքի լույս ընծայումն էր, հեղինակը կրկին անդրադարձավ Հայոց ցեղասպանության խնդրին.

«Երբ Սիրիայում էի, ինձ Թուրքիայի սահմանի վրա գտնվող մի հին, անչափ գեղեցիկ շուկա ցույց տվեցին: Սակայն հենց այդ շուկայում 2015 թվականին Դաեշը եզդի աղջիկներ էր վաճառում՝ որպես ստրուկներ: Եվ հենց այդ նույն շուկայում 1915 թվականին վաճառվում էին հայ աղջիկներ, կրկին որպես ստրուկներ»:

Գրողի խոսքով, թեև Հայոց ցեղասպանության թեմային ինքն անդրադարձել է «Ավազե ամրոցի աղջիկները» գրքում, սակայն նախատեսում է նաև ապագայում պատմական մի ստեղծագործություն գրել, որում զուգահեռներ է անցկացնելու Հայոց ցեղասպանության և մեր օրերում տեղի ունեցող իրադարձությունների միջև.

«Կարինե, Նվարդ, Խաթուն՝ խիզախ հայ աղջիկների անթիվ բազմություն ընդմիշտ կորել է Սիրիայի արևի տակ, Հալեպում, այո, այդ նույն Հալեպում, որը վերջին 5 տարիներին կրկին մեր սրտերում ցավով է արձագանքում»:

Բոհջալյանը, ում հերոսների մեծ մասը կանայք են, հիշեցնում է կանանց իրավունքներին հատուկ ուշադրությամբ վերաբերվելու կարևորությունը: Նրա խոսքով, կանայք առաջինն են իրենց վրա զգում ճգնաժամի և տնտեսական անկումների հետևանքները սակայն՝ վերջին հերթին օգնություն ստանում:

Մեկնաբանել