Զինգրքույկներում «անվավեր» նշումները անփութության հետևանք են․ ԼՂՀ ՊՆ

Ապրիլյան պատերազմին մասնակցած և ձմռանը զորացրված բազմաթիվ զինծառայողների զինվորական գրքույկներում մարտական գործողություններին մասնակից լինելու գրառումն «անվավեր» է ճանաչվել, ջնջվել է սպիտակ ներկով կամ նման գրառումն առհասարակ բացակայել է։ ՍիվիլՆեթի տեղեկություններով՝ գրառումը բացակայել է Մարտունու զինվորական կոմիսարիատից իրենց զինվորական գրքույկները ստացած մի շարք զինծառայողների մոտ։

Այսօր ԼՂՀ ՊՆ-ն պարզաբանում է տարածել, որի մեջ ասվում է.

«2016թ. ապրիլյան մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ գոյություն ունի ՊԲ հրամանատարության կողմից հստակեցված կարգ, համաձայն որի՝ զինծառայողի զինգրքույկի մեջ կատարվում է համապատասխան գրառում: Ինչ վերաբերում է որոշ զորացրված զինծառայողների զինգրքույկներում արված, իսկ այնուհետև անվավեր ճանաչված գրառումներին, ապա դա բացառապես պայմանավորված է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ԶԼՄ-ներին հորդորում է այսուհետ տվյալ թեման չդարձնել ավելորդ շահարկման առարկա, իսկ այն զորացրված զինծառայողները, ովքեր ունեն պարզաբանման կարիք, դիմեն հետևյալ հեռախոսահամարով՝ 28-08-23»:

Համաձայն 2000 թ. ՀՀ կառավարության «N 778 ՀՀ պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու մասին» որոշման՝ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու համար հիմք են հանդիսանում ՀՀ ՊՆ-ի կողմից տրված տեղեկանքները, և ՀՀ սահմաններից դուրս մարտական գործողությունների մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ կարող է տրվել ՀՀ օրենսդրության համաձայն: Այս որոշումը փաստում է, որ զինվորական գրքույկներում նշումներ կատարել-չկատարելու պատասխանատվությունը դրված է ՀՀ ՊՆ-ի, այլ ոչ թե ԼՂՀ ՊՆ-ի վրա։

Լուսանկարը՝ Վահան Աբրահամյանի

Մեկնաբանել