Ինտերպոլը հերքել է Բելառուսի այն վարկածը, թե Լապշինը միջազգային հետախուզման մեջ էր

ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը Ֆեյսբուքում գրել է, որ Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունից ստացված պատասխանի համաձայն՝ Ադրբեջանին արտահանձնված բլոգեր Ալեքանդր Լապշինը Ինտերպոլի հաշվառումներով երբեք չի անցել, միջազգային հետախուզման մեջ երբեք չի եղել։ Ռուսաստանյան «Ռիա նովոստի» գործակալությունը մեկնաբանության համար դիմել է Բելառուսի դատախազություն, որտեղից ասել են, որ Լապշինը հայտարարվել էր «ոչ թե միջազգային, այլ միջպետական հետախուզում»։

Ինտերպոլի պատասխանն այսպիսով հերքում է բելառուսական կողմի այն պնդումը, որ Լապշինը ձերբակալվել էր Մինսկում, քանի որ գտնվում էր միջազգային հետախուզման մեջ։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, մասնավորապես, փետրվարի 3-ի իր մեծ մամուլի ասուլիսին ասել էր, որ Ադրբեջանը «դիմել էր ոչ թե իրենց, այլ Ինտերպոլ»։

«Մենք Ինտերպոլի որոշման համաձայն նրան ձերբակալել ենք, և բոլոր օրենքներով պետք է արտահանձնենք Ադրբեջանին։ Մենք նրան առհասարակ կարող ենք բաց թողնել, սակայն դա ճիշտ չէր լինի, քանի որ մեզ էլ նման կերպ կվերաբերվեն, եթե մենք խնդրենք որևէ մեկին ձերբակալել»,- պարզաբանել էր Լուկաշենկոն։

Ռուսաստանյան «Ռիա նովոստի» գործակալությունը մեկնաբանության համար դիմել է Բելառուսի դատախազություն, որտեղից ասել են, որ Լապշինը հայտարարվել էր «ոչ թե միջազգային, այլ միջպետական հետախուզում՝ ԱՊՀ պետությունների միջև գործող համաձայնագրի համապատասխան»։

***

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի պնդմամբ՝ Լապշինի արտահանձնումը հակասում է բոլոր հնարավոր ﬕջազգային կոնվենցիաներին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նա ասել է, որ Բելառուսը չի ﬕացել «ո՛չ արտահանձնման և ո՛չ էլ դատապարտյալների փոխանցման վերաբերյալ ստրասբուրգյան կոնվենցիաներին, կամ նույնիսկ ԱՊՀ շրջանակներում գործող Մինսկի կոնվենցիային»:

«Նրանց ﬕջև հանձնումը տեղի է ունեցել 2002թ. ստորագրված Քիշնևի կոնվենցիայի հիման վրա: Սակայն հենց այստեղից էլ սկսվում է իրական զավեշտը»,- ասել է նախարարը՝ նշելով, որ, համաձայն այդ կոնվենցիայի, այն հանցագործությունները, որոնց համար ﬕ կողմը մյուս կողﬕց պահաջում է տվյալ անձին, պիտի պատժելի լինեն երկու երկրների քրեական օրենսդրությամբ:

Մեկնաբանել