Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր կնոջը՝ Մեհրիբանին, նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ․ այս մասին հաղորդում է ռուսասկան Republic կայքը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահական կայքին։
Համապատասխան հրամանը ստորագրվել է փետրվարի 21-ին։ Մինչ այս պահը պաշտոնը թափուր էր։
2016թ․ սեպտեմբերին Ադրբեջանում անցած հանրաքվեի արդյունքում երկրի սահմանադրության մեջ մտցվել էր 29 փոփոխություն, որոնց թվում սահմանվել են առաջին փոխնախագահի և փոխնախագահի պաշտոններ։
Ադրբեջանական APA գործակալությունն առանձնացրել է Ադրբեջանի առաջին փոխնախագահի լիազորությունները։ Այսպես՝ նախագահի վաղաժամկետ պաշտոնաթողության դեպքում 60 օրվա ընթացքում անցկացվում են նախագահի արտահերթ ընտրություններ։ Մինչև նոր նապագահի ընտրվելը նախագահի լիազորություններն ստանձնում է առաջին փոխնախագահը։ Եթե այդ ժամանակահատվածում նախագահի պաշտոնակատար, առաջին փոխնախագահը հրաժարական է տալիս կամ կորցնում է իր լիազորությունները կատարելու հնարավորությունը՝ ելնելով առողջական վիճակից, երկրի նախագահի լիազորություններն անցնում են փոխնախագահին, որը ստանձնում է առաջին փոխնախագահի լիազորությունները։
Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Խադիջա Իսմայիլովան, արձագանքելով նորությանը, Թվիթերում գրառում է արել՝ հույս հայտնելով, որ ոչ ոք դա չի մեկնաբանի որպես «կանանց իրավունքների ընդլայնում»։
«Սա տիկնոջ իրավունքների ընդլայնում է, կոռուպցիայի ընդլայնում, նեպոտիզմ։ Սա պարզապես նողկալի է»,- գրել է Իսմայիլովան։
I hope no one will bs about women empowerment. It is a wife empowerment, corruption empowerment, nepotism. And this is just disgusting.
— Khadija Ismayilova (@Khadija_Ismayil) February 21, 2017
Ֆեյսբուքում արված գրառման մեջ Իսմայիլովան տեղեկացնում է, որ Մեհրիբանի նշանակմանը Ադրբեջանում նախորդել է ձերբակալությունների ալիք՝ որպես հնարավոր բողոքի ակցիաների դեմ նախազգուշացում։
Ավելին՝ Հանուն Հեյդար Ալիևի. Ադրբեջանը փոխում է Սահմանադրությունը։