Մեզ չի կարող դուր գալ այն հանգամանքը, որ Ադրբեջանը զենք է գնում մեր դաշնակցից․ Նալբանդյան

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «Ռոսիա սեգոդնյա» գործակալության հետ զրույցում պատասխանելով հարցին՝ «Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Ռուսաստանը զենք է վաճառում և Հայաստանին, և Ադրբեջանին», ասել է․ «Իհարկե, մեզ չի կարող դուր գալ այն հանգամանքը, որ Ադրբեջանը զենք է գնում մեր դաշնակցից, որը, այդ թվում՝ Հայաստանի հետ փոխգործակցությամբ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, մեծ ջանքեր է գործադրում՝ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ։

Ինչպես հիշեցնում է Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոնը, 2015-ի սեպտեմբերին Նալբանդյանը BBC-ի ռուսական ծառայության հետ զրույցում նույն հարցին ի պատասխան նշել էր, որ չենք կարող ասել, որ մեզ շատ է դուր գալիս, որ Ադրբեջանը ռուսական զենք է ձեռք բերում Ռուսաստանից, սակայն դրանք «երևի առևտրի, բիզնեսի հետ կապված հարցեր են»:

«Մենք համագործակցում ենք Ռուսաստանի հետ ռազմական ոլորտում, և, համապատասխանաբար, Ռուսաստանից գնում, ստանում ենք սպառազինություններ, այս առումով որևէ նոր բան չկա, իսկ այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին կամ այլ երկրների, դա թերևս նույնպես բնական է, քանի որ Ռուսաստանը զենք արտադրող երկիր է, ակտիվ ներկայություն ունի սպառազինությունների շուկայում»,- ասել էր Նալբանդյանը։

Մեկնաբանել