Իրանը Հայաստանին և Ադրբեջանին «զսպվածության» կոչ է անում

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին հանդես է եկել հայտարարությամբ, որում Հայաստանին և Ադրբեջանին «զսպվածության» կոչ է արել՝ նշելով, որ «երկխոսությունն ու բանակցությունները վեճերի կարգավորման խաղաղ ուղիներ են»։ Ի տարբերություն Անկարայից հնչած հայտարարության՝ Թեհրանի կոչը հավասարակշռված է և ուղղված երկու կողմերին էլ։

Ինչպես փոխանցում է իրանական IRNA գործակալությունը, նոր բախումների և բռնության ֆոնին Իրանը կոչ է անում «հյուսիսային իր երկու հարևաններին անել առավելագույնը տեղում իրավիճակը կայունացնելու համար՝ երկխոսության և բանակցությունների ճանապարհով»։

Թեհրանը լիահույս է, որ իրավասու միջազգային կառույցները «պատասխանատվություն կդրսևորեն հակամարտությունը կարգավորելու հարցում»։

Իրանը նաև պատրաստակամություն է հայտնել «երկու կողմերի օգնությամբ» տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու հարցում։

***

Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:

Մեկնաբանել