Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի նախագահին

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 28-ի երեկոյան հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նորանշանակ նախագահ Անտոնիո Տայանիի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի կայքը: Մինչ այդ Հանրապետության Նախագահը հարցազրույց է տվել «Եվրանյուզ» հեռուստաընկերությանը:

Պատասխանելով լրագրողին հետաքրքրող հարցերին` Հանրապետության Նախագահն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և զարգացման հեռանկարին, ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը համարվող Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործընկերությանը, ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի տնտեսության զարգացման հնարավորություններին և այդ կառույցի ապագայի մասին իր պատկերացումներին, դեպի Եվրոպա Հայաստանի արտահանման ներուժին, ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությանը և իրականացվելիք առաջիկա ծրագրերին, ՀՀԿ ընտրական ցուցակում իր ընդգրկված չլինելու պատճառներին, սահմանադրական փոփոխությունների արդյունքում կառավարման նոր համակարգի անցնելուց հետո Հայաստանի ապագային:

Անտոնիո Տայանիի հետ հանդիպմանը Սարգսյանը հույս է հայտնել, որ Անտոնիո Տայանին իր գործունեությամբ կնպաստի նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերընթաց զարգացմանը: Սերժ Սարգսյանը և Անտոնիո Տայանին երկուստեք ջերմությամբ են հիշել 2008 թվականին Բրյուսելում ունեցած իրենց հանդիպումը: Նախագահը բարձր է գնահատել պարոն Տայանիի աներկբա ու սկզբունքային դիրքորոշումը մարդու հիմնարար իրավունքներին վերաբերող հարցերում, որը դրսևորվեց նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Եվրոպական խորհրդարանի կողմից բանաձևի ընդունման ժամանակ։