Մարտի 14-ին Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա՝ Պուտինին հանդիպելու․ «Իզվեստիա»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով ՀՀ նախագահի վարչակազմից իր աղբյուրին։ Տեղեկությունը թերթին հաստատել է նաև Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Հանդիպման օրակարգում են երկկողմ համագործակցության արդիական հարցեր, այդ թվում՝ իրադրությունը Լեռնային Ղարաբաղում։ Ըստ աղբյուրների՝ բանակցությունների արդյունքում կստորագրվեն մի շարք ներդրումային համաձայնագրեր։

Պուտինի և Սարգսյանի հանդիպումը կայանալու է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ։

Փետրվարի 22-ին Մոսկվա կատարած պաշտոնական այցի ժամանակ ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը ռուսաստանցի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկել է Սերժ Սարգսյանի՝ ՌԴ այցի նախապատրաստությունը։ Սերգեյ Լավրովը, միևնույն ժամանակ, ընդունել է Էդվարդ Նալբանդյանի՝ Երևան այցելելու հրավերը։

Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի Ինստագրամի էջից։