Ադրբեջանը պաշտպանական սպառազինություններ կներկրի Պակիստանից

Ադրբեջանը Պակիստանից կներմուծի պաշտպանական սպառազինություններ․ այս մասին հղում անելով Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությանը՝ հաղորդում է «Ռիա նովոստի» գործակալությունը։ Հաղորդագրությունը տարածվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իսլամաբադում Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի հետ հանդիպման արդյունքներով։

«Ադրբեջանը կներկրի Պակիստանի զարգացած ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքը»,- ասված է հաղորդագրությունում, ըստ որի՝ համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել Շարիֆի և Ալիևի հանդիպման ընթացքում։ Կողմերը քննարկել են պաշտպանական և ռազմարդյունաբերական ոլորտներում կոնկրետ նախագծեր։

Փետրվարին հրապարակվել էր Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի (SIPRI) հերթական զեկույցը 2016թ․ սպառազինությունների միջազգային վաճառքի միտումների վերաբերյալ։ Ըստ զեկույցի՝ Ադրբեջանը ներառված է աշխարհում զենքի 40 խոշորագույն ներկրողների աղյուսակում՝ զբաղեցնելով 21-րդ տեղը։ Նրա հիմնական մատակարարներն են Ռուսաստանը (69 տոկոս), Իսրայելը (22 տոկոս), Բելառուսը (3,6 տոկոս)։ SIPRI-ի տվյալներով՝ 2012–16թթ․ Ադրբեջանը Հայաստանի համեմատ ներմուծել է 20 անգամ ավելի շատ սպառազինություն:

Ավելի վաղ՝ հունվարին, Իլհամ Ալիևը Դավոսում միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հայտարարել էր, որ Բաքուն Մոսկվայի հետ բանակցություններ է վարում նոր սպառազինությունների մատակարարման շուրջ և հետաքրքրված է պաշտպանական նորագույն համակարգերով։ Ալիևն ասել էր, որ Ռուսաստանի հետ ստորագրվել են մոտ 5 մլրդ դոլարի գործարքներ, և դրանց մեծ մասը, ըստ Ադրբեջանի նախագահի, իրագործված է։

Մեկնաբանել