Զախարովային խնդրել են մեկնաբանել «օկուպանտ» Հայաստանի դեմ միավորվելու Էրդողանի կոչերը

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ի խոսնակ Մարիա Զախարովան երեկ ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսլամաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթաժողովին արած հայտարարությունը, որով կոչ է արել մուսուլմանական աշխարհին միավորվել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղում նրա «օկուպացիայի» դեմ։ 

Հարցադրմանը, որ նման դիրքորոշումը կատարելապես հակասում է Մինսկի խմբի դիրքորոշմանը, որի անդամ է Թուրքիան, հետևաբար, Մինսկի խմբի եռանախագահների և խմբի անդամի մոտեցումները արմատապես տարբերվում են, Զախարովան պատասխանել է․ «Կարծում եմ՝ Դուք ինքներդ ամեն ինչ մեկնաբանեցիք։ Դուք պատմեցիք, թե ինչ է հայտարարել թուրքական կողմն, ու ինչպիսին է Մինսկի խմբի դիրքորոշումը։ Անկեղծ ասած՝ այստեղ հավելելու բան չկա։ Մենք լիովին հանձնառու ենք ղարաբաղյան կարգավորման հարցում մեր դիրքորոշմանը՝ որպես երկիր և որպես Մինսկի խմբի համանախագահ։ Պետք է դրանից ելնել մեր դիրքորոշումը փոխանցելիս»։

Մեկնաբանելով շփման գծում վերջին օրերի լարվածությունը՝ ՌԴ ԱԳՆ-ի խոսնակն ասել է, որ «գերատեսչությունը պահպանում է աշխատանքային շփումները կողմերի հետ»։

«Դուք գիտեք մեր սկզբունքային դիրքորոշումը, որը միտված է ԼՂ-ի շուրջ իրավիճակի կարգավորմանը խաղաղ միջոցներով։ Մենք հավատարիմ ենք այդ սկզբունքային դիրքորոշմանը, որն ամրագրված է այդ թվում փաստաթղթերով»,- նշել է Զախարովան։

Ի պատասխան հարցի, թե արդյոք Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ռուսաստան իր առաջիկա այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու է այդ թվում ղարաբաղյան հարցը, Զախարովան խորհուրդ է տվել դիմել նախագահի խոսնակին։

Էրդողանը կոչ է արել միավորվել Հայաստանի դեմ

Օրերս Պակիստանի մայրաքաղաքում ՏՀԿ-ի գագաթաժողովին Էրդողանը անդրադարձել էր ղարաբաղյան հակամարտությանը։

«Մենք, մասնավորապես, չենք կարող անտեսել Լեռնային Ղարաբաղի հարցը»,- ասել է Էրդողանը՝ մեղադրելով Մինսկի խմբին, որ չի կարողացել հակամարտության խաղաղ լուծում գտնել։

Թուրքիայի նախագահը ՏՀԿ-ի և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) երկրներին կոչ է արել միասին աշխատել՝ խնդրի լուծում գտնելու համար՝ շեշտելով, որ Հայաստանի «օկուպացիոն» քաղաքականությունը պետք է բարձրաձայնվի յուրաքանչյուր միջազգային հանդիպմանը։

«Մենք և ՏՀԿ-ում, և ԻՀԿ-ում պետք է ուշադրություն դարձնենք իրավիճակին»,- World Bulletin կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Էրդողանը։

***

Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Հայկական կողմից զոհեր ու վիրավորներ չեն եղել։

Փետրվարի 26-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 24-25-ը տեղի ունեցած «ինտենսիվ գնդակոծությունը»՝ մեղադրելով Հայաստանին և «կոչ անելով նրան պահպանել հրադադարի ռեժիմը, անհապաղ դադարեցնել բռնությունը»։ Թուրքիան նաև ցավակցել է Ադրբեջանին՝ զոհվածներին անվանելով «եղբայրներ»։

«Խուսափելու համար 2016թ․ ապրիլին շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում տեղի ունեցած բախումների կրկնությունից՝ մենք կոչ ենք անում Հայաստանին պահպանել հրադադարի ռեժիմն ու անհապաղ վերջ տալ բռնությանը։

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, որը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով, Թուրքիան շարունակելու է իր ջանքերը արդար և տևական լուծման հասնելու համար՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակում։ Այս տեսանկյունից մենք անհրաժեշտ ենք համարում Մինսկի խմբի ջանքերի խթանումը՝ հակամարտության կարգավորման համար»,- ասված է Թուրքիայի արտաքին գերատեսչության հայտարարությունում։

Ստելլա Մեհրաբեկյան