Հարկատուների հաշվին ՀՀԿ-ն նախընտրական, Ապրիլյան զեղչեր է անում

Հայաստանի պաշտպանության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի՝ Ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողները, որոնք մարտական գործողություններին չեն մասնակցել և արդեն զորացրվել են, բուհերում սովորելիս կարող են օգտվել լրացուցիչ 20 տոկոս զեղչից։ Ըստ պայմանավորվածության՝ զեղչի գումարը կհատկացնի Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Որ մեր արդեն նախկին ժամկետային զինվորները պետք է արտոնություններ ստանան, կասկածից վեր է:

Եկեք մի պահ մոռանանք, որ սա քարոզչական քայլ է և ասենք՝ ոչինչ, թող լինի նախընտրական քայլ, կարևորը, որ տղաների ուսման բեռը թեթևանա:

Բայց եկեք տեսնենք գործող անձանց:

Հայաստանի պաշտպանության նախարարը Վիգեն Սարգսյանն է, որին Սերժ Սարգսյանը անցնող հոկտեմբերի 3-ին նշանակեց պաշտպանության նախարար։ Կարճ ժամանակ անց Վիգեն Սարգսյանը անդամակցեց ՀՀԿ-ին և այսօր գլխավորում է ՀՀԿ համամասնական ցուցակը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգողը բանակում չծառայած պահեստազորի սպա, լեյտենանտ Կարեն Ավագյանն է, ով ՀՀԿ ցուցակի առաջին տասնյակում է:

Վիգեն Սարգսյանի ու Կարեն Ավագյանի և նրանց ղեկավարած կառույցների կապը հասկանալի է, չէ՞:

Հասկանալի է, չէ՞, որ սա նախընտրական, քարոզչական քայլ է: Եկեք չասենք՝ թաքնված ընտրակաշառք, քանի որ խոսքը երեկվա մեր քաջ զինվորների մասին է:

Եթե այս ամենը արվեր հասարակական հիմունքներով՝ բարերարի կամ հինադրամի միջոցներով, պարզապես ծափահարելու քայլ կլիներ: Կրկին կլիներ նախընտրական, քարոզչական, բայց ծափահարելու արժանի, քանի որ օգնություն է տրվում մեր հանգիստը ապահոված տղաներին:

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը սնվում է Բաղրամյան 26-ից և պետական բյուջեից, այսինքն՝ մեր՝ հարկատուների հաշվին:

Բաղրամյան 26-ում նստում է մեկ այլ նշանավոր ՀՀԿ-ական՝ Սերժ Սարգսյանը:

Եվ ի՞նչ է ստացվում, պարոնա՛յք՝ Դուք բյուջեի՝ հարկատուներիս հաշվին օգնում եք Ապրիլյան պատերազմի տղաներին, լավ եք անում: Իսկ ինչո՞ւ եք դա անում Երիտասարդական հիմնադրամի անունով, որի հոգաբարձուների խորհրդի համակարգողը բանակում չծառայած պահեստազորի սպա, լեյտենանտ Կարեն Ավագյանն է:

Իսկ ինչո՞ւ եք դա անում պաշտպանության նախարարության անունով, երբ նախարարը ՀՀԿ ցուցակի առաջին համարն է:

Մեկնաբանել