Զինված հարձակում ՕՐՕ-ի համակիրների վրա, երեք մարդ հոսպիտալացվել է (լրացված)

17:34

Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել միջադեպի վերաբերյալ.

«Ջրառատ գյուղում այսօր տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննության կատարումը ՀՀ ՔԿ նախագահի կողմից հանձնարարվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։
Նախնական տվյալներով՝ ժամը 13։30-14-ի սահմաններում Ջրառատ գյուղի գյուղապետարանի մոտ տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուք, որի ժամանակ ինքնաձիգից հնչել են կրակոցներ։

Միջադեպի հետեւանքով՝ երեք անձ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Ըստ բժշկական նախնական հետազոտության արդյունքների՝ տուժածներից մեկը հրազենային վնասվածք է ստացել ոտքի շրջանում, երկրորդը՝ կտրող-ծակող առարկայի գործադրմամբ՝ մեջքի շրջանում, երրորդը՝ ձախ ձեռքի կոտրված։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ 112-րդ, 258-րդ եւ 235-րդ հոդվածների հատկանիշներով։ Ստեղծվել է քննչական խումբ եւ այս պահին դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը՝ փորձագետների հետ միասին, իրականացվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ վիճաբանության շարժառիթը, մասնակիցների շրջանակը պարզելու համար, քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»։

16:06

ՕՐՕ-ն հաղորդում է, որ հարձակումը տեղի է ունեցել ժամը 14:30-15:00 սահմաններում:
Երեք վիրավոր տեղափոխվել են Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն:

15:30

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի տեղեկություններով՝ այսօր Ջրառատ գյուղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ:

***

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հերթական քարոզարշավի ժամանակ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում սպառնալիքներ է հնչեցվել ՕՐՕ դաշինքի համակիրների նկատմամբ, անգամ ատրճանակ է ուղղվել նրանցից մեկի ուղղությամբ: Ջրառատի գյուղապետ, Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայացուցիչ Սամվել Գալստյանը, ով, ըստ դաշինքի հաղորդագրության, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի բարեկամն է, իսկ գյուղն էլ՝ Երանոսյանի ծննդավայրն է, սպառնալիքներ է հնչեցրել գյուղի բնակչի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի նկատմամբ:

Գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել։ Ատրճանակը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցները խլել են նրա ձեռքից և վնասազերծել օրինախախտին:

«Ուշագրավն այն է, որ ատրճանակով սպառնացող սուբյեկտին կարգի հրավիրելու փոխարեն իրավապահ մարմինների ներկայացուցիչները ոստիկանության Էջմիածնի բաժին են բերման ենթարկել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրներին»,-ասված էր ՕՐՕ-ի հաղորդագրությունում:

ՍիվիլՆեթի հետ զրույցում ՕՐՕ դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանն ասել էր, որ ազատ են արձակվել դաշինքի վեց համակիրները, գործ չի հարուցվել, սակայն նյութեր են նախապատրաստվում:

Մեկնաբանել