Ապրիլյան պատերազմին վառելիքի պատճառով մարտական ձախողման դեպքեր չեն արձանագրվել. Դատախազություն

2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում վառելիքի հետ կապված խնդիրների պատճառով մարտական հատուկ մեքենաների խափանման և, հետևաբար, մարտական առաջադրանքների կատարման ձախողման դեպքեր չեն արձանագրվել, այս մասին Tert.am-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«2016 թվականի ապրիլ ամսին ՊԲ N զորամասի հրամանատարի տեղակալ, հանգուցյալ փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հայր՝ Գևորգ Առաքելյանը ԶԼՄ-ներում հայտարարություն է տարածել այն մասին, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ արձանագրվել են դիզվառելիքի փոխարեն տանկերի բաքերում ջուր լինելու, ինչպես նաև տանկերի էլեկտրական մարտկոցների բացակայության դեպքեր, որի կապակցությամբ ՊԲ համապատասխան զրահատեխնիկան ժամանակին չի կարողացել մեկնել մարտական գործողությունների վայր»,- նշել են դատախազությունից:

Ըստ դատախազության՝ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով վերը նշված հանգամանքները չեն հիմնավորվել, հերքվել են և որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Մեկնաբանել