Պուտինը կարծում է՝ ԱՊՀ յուրաքանչյուր երկիր ահաբեկչության պոտենցիալ թիրախ է

ԱՊՀ գրեթե յուրաքանչյուր երկիր ահաբեկչական հարձակումների պոտենցիալ թիրախ է․ երեկ այսպիսի հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք տեսնում ենք, որ իրավիճակը, ցավոք, չի բարելավվում։ Եվ դրա ամենալավ ապացույցն են Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները։ Ահաբեկչական գործողության արդյունքում զոհվել են մարդիկ, կան բազմաթիվ տուժածներ»,- ասել է Պուտինը ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների հետ հանդիպմանը։

ՌԴ նախագահը հիշեցրել է, որ ահաբեկչությունից բացի, վերոհիշյալ երկրների համար կան շատ այլ սպառնալիքներ, որոնց թվում են կազմակերպված հանցավորությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, կոռուպցիան և այլն։ Պուտինի խոսքով՝ ԱՊՀ անվտանգության ծառայություններն արդյունավետորեն համագործակցում են։

Ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի են ունեցել պայթյուններ, որոնք խլել է ավելի քան մեկ տասնյակ կյանք, մոտ հինգ տասնյակ մարդ վիրավորվել է։ ՌԴ Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ ահաբեկչական գործողություն հոդվածով, սակայն այլ վարկածները նույնպես ստուգվում են։

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած դեպքերից հետո Երևանի մետրոպոլիտենում ոստիկանության ծառայողները խստացրել են հսկողությունը՝ ստուգելով քաղաքացիների կասկածելի թվացող իրերն ու պայուսակները։

Մեկնաբանել