Ախալքալաքի շրջանային ժողովը չընդունեց Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունը

Ախալքալաքի շրջանային ժողովի (սակրեբուլո) արտահերթ նիստը, որ պետք է քննարկեր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը, քվորումի բացակայության պաճառով չի կայանա։

Այս մասին Վրաստանի հայալեզու «Ալիք» կայքի հետ զրույցում ասել է ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը` տեղեկացնելով, որ հայտարարության տակ ստորագրած 13 պատգամավորներից 3-ը հետ են վերցրել ստորագրությունները:

«Մենք` Ախալքալաքի սակրեբուլոյի ներքոստորագրյալ պատգամավորներս, տեղեկացնում ենք, որ 2017թ. ապրիլի 24-ին, ողջ հայ ժողովուրդն ու առաջադեմ մարդկությունը նշում է Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: Հանցագործությունը ճանաչել ու դատապարտել են բազամաթիվ երկրներ, միջազգային կազմակերպություններ, տարբեր քաղաքներ:

Պատմական արդարության վերականգնման համար Ախալքալաքի քաղաքային ժողովը պետք է ճանաչի և դապատարտի Հայոց ցեղասպանությունը»,- ասված է սակրեբուլոյի պատգամավորների հայտարարության նախագծում:

«Ալիք» կայքի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը Ֆեյսբուքի իր էջում այս առթիվ գրել է․

«Հետո չասեք վրացին ա մեղավորը, էս քաղաքային ժողովում էլ հո՞ մեծ մասը հայեր են….»։

Մեկնաբանել