«Խոստումը» կրակի դեմ պայքարում է կրակով․ Hollywood Reporter-ը՝ IMDb-ում ֆիլմի դեմ արշավի մասին

Hollywood Reporter-ն անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» պատմական դրամայի կողմնապահ վարկանիշավորմանը։ «Հոլիվուդը պարտվում է առցանց տրոլերի դեմ պայքարում» հոդվածի հեղինակները գրում են ֆիլմի դեմ սկսված արշավի մասին՝ նշելով, որ վարկանիշի իջեցման արշավները հետապնդում են ֆիլմարտադրողներին, սակայն «Խոստումը» ֆիլմը փորձում է «կրակի դեմ պայքարել կրակով»։ Կինոֆիլմերի համացանցային բազայում (IMDb) դրամայի դեմ արշավը սկսվել էր 2016թ․ սեպտեմբերի 12-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում ներկայացվելուց հետո, երբ թուրք ժխտողականները IMDb-ում զանգվածայնորեն դնելով 1՝ իջեցրել էին ֆիլմի վարկանիշը։ Սկսված գործընթացի մասին ահազանգեցին ինչպես հայաստանյան, այնպես էլ Սփյուռքի գործիչներ, ինչի արդյունքում վարկանիշն այժմ հասել է 5․2 նիշի։

«Ապրիլի 21-ին տեղի է ունենալու «Խոստումը» ֆիլմի պրեմիերան, և չպատմված սագան կհանձնվի մեծ լսարանի դատին»,- գրում է Hollywood Reporter-ը՝ նկատելով, որ Տորոնտոյի կինոփառատոնում ներկայացվելուց հետո, երբ դեռ քննադատներն «անգամ չէին հասցրել դուրս գալ Ռոյ Թոմփսոն սրահից, էլ չասած՝ գրախոսական գրել», ֆիլմի վարկանիշն IMDb-ում հեղեղվեց տասնյակ հազարավոր 1 միավորներով։

Պարբերականը մեջբերում է Տորոնտոյի փառատոնին ներկա պրոդյուսեր Մայք Մեդավոյին, որն ասում է․ «Ես մի բան գիտեմ՝ մենք 900-տեղանոց սրահում էինք, և վերջում բուռն ծափահարություններ էին։ Սակայն հետո հանկարծ տեսնում ես, որ 100 հազ․ մարդ պնդում է, որ ֆիլմը լավը չէ»։

Հեղինակները շարունակում են, որ IMDb-ին ուղղված ահազանգեր են եղել, սակայն կայքը ոչինչ չէր կարող անել։

«Խոստումը» դրամայի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը կայքի հետ զրույցում նշում է, որ «միակ բանը, որ կարող են անել, պարզել, թե որտեղից է տեղի ունենում քվեարկությունը»։

Ինչպես գրում է Hollywood Reporter-ը, «Խոստումը» ֆիլմի դեմ արշավը, կարծես, ծագել է այնպիսի կայքերում, ինչպիսին Incisozluk-ն է՝ 4chan-ի թուրքական տարբերակում, որտեղ օգտատերերին կոչ են արել քվեարկել և իջեցնել ֆիլմի վարկանիշը IMDb-ում և YouTube-ում։

«Նրանք գիտեն, որ IMDb-ում վարկանիշավորումը մնում է ֆիլմի հետ առհավետ։ Դա իսկապես գրաքննության պես մի բան է»,- ասում է Էսրայելյանը։

««Խոստումը» ֆիլմի դեմ հարձակումը ծայրահեղ դեպք է, որին ուղեկցում են Հայոց ցեղասպանության շուրջ տասնամյակների խնդրահարույց քննարկումները, մինչդեռ այն ի ցույց է դնում Հոլիվուդում հետզհետե խորացող խնդիրը»,- ասված է հոդվածում։

«Ո՞րն է տրոլերի բանակի դեմ պայքարելու լավագույն միջոցը։ Միակ ուղին, թերևս, սեփական բանակը ոտքի հանելն է»,- նշում են հեղինակները։

Hollywood Reporter-ի հրապարակման պահին ֆիլմի վարկանիշն IMDb-ում 4.2 միավոր էր․ 35 հազ․ մարդ ֆիլմը գնահատել էր 10։ Մինչդեռ ապրիլի 19-ի դրությամբ այդ նիշը հասել է 5․2-ի, 10 գնահատած օգտատերերի թիվը՝ 57210-ի։

Ամերիկյան կայքը նկատում է, որ Էսրայելյանը «չի փորձում ձևացնել, որ բոլոր այդ բարձր գնահատականները դրել են ֆիլմը դիտած և հավանած մարդիկ»։ Այդուհանդերձ, այդ ձայները նույնպես հաշվի են առնվելու։

«Մարդիկ գիտակցեցին, որ կրակի դեմ պետք է պայքարել կրակով»,- եզրակացրել է պրոդյուսերը։

Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի պրեմիերան Հայաստանում նախատեսված է ապրիլի 27-ին: Անցյալ շաբաթ Լոս Անջելեսում կայացել է ֆիլմի փակ պրեմիերան, որին ներկա են եղել բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ Քիմ և Քլոե Քարդաշյանները, երգչուհի Շերը, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, դերասանուհի Անժելա Սարաֆյանը և այլք։

Ֆիլմի արշավին մինչև այս պահը միացել են աշխարհահռչակ մի շարք աստղեր, որոնց թվում՝ երաժիշտ Էլթոն Ջոնն ու դերասան Լեոնարդո դի Կապրիոն։

«Խոստումը» ֆիլմը ստեղծվել է ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանի ֆինանսական աջակցությամբ։ Ֆիլմի հեղինակը ռեժիսոր Թերի Ջորջն է, գլխավոր դերերում են Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ լե Բոնը։ Գործողությունները զարգանում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ։

Օրերս համացանցում է հայտնվել ֆիլմի հայերեն թրեյլերը։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել