Օբամայի օրինակով. Թրամփն իր ուղերձում օգտագործեց «Մեծ եղեռն» արտահայտությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրվա առթիվ` իր նախորդ Բարաք Օբամայի օրինակով օգտագործելով «Մեծ եղեռն» արտահայտությունը:

Այսօր մենք հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում այն մարդկանց հիշատակին, որոնք դարձան Մեծ եղեռնի` 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային վայրագության զոհը: Օսմանյան կայսրության վերջին տարիներին՝ 1915թ. սկսած, մեկ և կես միլիոն հայեր արտաքսվեցին, կոտորվեցին և իրենց մահը գտան գաղթի ճանապարհին: Ես միանում եմ Ամերիկայի հայ համայնքին և համայն աշխարհի հայությանը՝ սգալով անմեղ զոհերի հիշատակը և տառապանքները:

Մարդկության պատմության այս մութ էջի մասին մտորելով` մենք նաև ճանաչում ենք հայ ժողովրդի կենսունակությունը: Շատերը նոր կյանք կառուցեցին ԱՄՆ-ում և անջնջելի ներդրում ունեցան մեր երկրում`փայփայելով պատմական հայրենիքի հիշողությունները, որում իրենց նախնիները ստեղծել էին հնագույն ամենամեծ քաղաքակրթություններից մեկը:

Մենք պետք է հիշենք վայրագությունները` կանխելու դրանց կրկնությունը: Մենք ողջունում ենք թուրքերի և հայերի ջանքերը` ընդունել և առերեսվել ցավոտ պատմությանը, ինչը կարևոր քայլ է ավելի արդար և հանդուրժող ապագայի հիմք ստեղծելու ուղղությամբ:

Մեկնաբանել