ԱՄՆ-ը կշարունակի համագործակցությունը ՀՀ-ի հետ և «վճռականորեն հանձնառու է աջակցելու» ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը

Միացյալ Նահանգները կշարունակի Հայաստանի կառավարության, գործարար շրջանակների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը՝ անվտանգությունը, ժողովրդավարությունն և տնտեսական զարգացումը խթանող նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ․ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ հղված իր ուղերձում։ Ինչպես փոխանցում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Հայաստանի արտաքին գործերի նախարարը և ԱՄՆ պետական քարտուղարը այդ առիթով ուղերձներ են փոխանակել։

Էդվարդ Նալբանդյանը գրում է, որ հայ-ամերիկյան բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը վերընթաց զարգացում է ապրում, խորանում են երկու երկրների հասարակությունների միջև շփումները։ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև արդյունավետ համագործակցություն է ծավալվում գիտության, տեխնոլոգիաների, մշակույթի, կրթության և շատ այլ ոլորտներում:

Հայաստանը, ՀՀ ԱԳ նախարարի խոսքով, մեծապես կարևորում է ԱՄՆ դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, և վերահաստատում է Հայաստանի վճռականությունը՝ շարունակելու համանախագահների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:

ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին շեշտում է, որ Միացյալ Նահանգները հպարտ է Հայաստանի անկախությունից ի վեր միասին գրանցած ձեռքբերումներով: Պետքարտուղար Թիլերսոնը նշում է, որ ամերիկահայությունը անգնահատելի ներդրում է կատարում Հայաստանի և Միացյալ Նահանգների զարգացման գործում:

Խոսելով հայ-ամերիկյան հարաբերությունների ապագայի մասին` Ռեքս Թիլերսոնն ընդգծում է, որ Միացյալ Նահանգները կշարունակի Հայաստանի կառավարության, գործարար շրջանակների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը՝ անվտանգությունը, ժողովրդավարությունն և տնտեսական զարգացումը խթանող նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ:

Անդրադառնալով ԱՄՆ և Հայաստանի միջև աճող տնտեսական համագործակցությանը՝ պետքարտուղար Թիլերսոնը նշում է, որ հատկապես խոստումնալից են վերջին տարիներին պատմական բարձր մակարդակի հասած ԱՄՆ ներդրումները Հայաստանում:

Թիլերսոնը գրում է, որ Հայաստանն ունի հսկայական ներուժ, և լավատեսություն է հայտնում երկու երկրների միջև փոխշահավետ առևտրատնտեսական կապերի հետագա ամրապնդման հնարավորությունների շուրջ:

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Միացյալ Նահանգները շարունակում է վճռական հանձնառությունը՝ աջակցելու ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը:

Մեկնաբանել