Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է ադրբեջանական ծագման ավելի քան 500 կգ խնձորի վաճառքը

ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մայրաքաղաքի և մի քանի մարզերի իրացման կետերում կասեցրել է հայտնաբերված ադրբեջանական ծագման ավելի քան 500 կգ խնձորի վաճառքը․ ասված է ծառայության հաղորդագրության մեջ: Գործողությունն իրականացվել է նախորդ շաբաթվա ընթացքում կատարված շրջայցերի շրջանակներում, ինչպես նաև պետական այլ կառույցների հետ համագործակցության և սպառողների ակտիվ արձագանքների արդյունքում:

«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի համաձայն՝ հայտնաբերված խմբաքանակը համարվել է վտանգավոր, քանի որ չի ունեցել անվտանգությունը հավաստող որևէ փաստաթուղթ: Հաշվի առնելով այս հանգամանքը, «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 19-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետով սահմանված կարգով, վտանգավոր ճանաչված խմբաքանակի իրացումն արգելվել է և հանձնարարվել ոչնչացնել (խոտանել) այն»,- ասված է հաղորդագրությունում։

Ծառայությունը նաև նմուշառում էր կատարել և փորձաքննության ուղարկել ադրբեջանական ծագման խնձորների նմուշները: Արդյունքում՝ նախատեսված ցուցանիշների (դելտամետրին, դիմետոադ, մետալաքսիլ, ցիպերմետրին, ցիֆլուտին, ԴԴՏ և դրա մետաբոլիտներ, ՀՔՑՀ (ալֆա, բետտա, գամմա իզոմերներ), քլորպիրիֆոս) շեղումներ չեն արձանագրվել:

Կարդացեք նաև՝ ՊԵԿ-ը պարզաբանել է վաճառակետերում ադրբեջանական խնձորի վերաբերյալ հրապարակումները։

Մեկնաբանել