Ադրբեջան․ Հայր Ալիևի տոնը սկսել են ավելի համեստ նշել

Մեկ տասնամյակից ավելի է, ինչ Ադրբեջանը նշում է նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան օրը՝ մայիսի 10-ը, Ծաղկի տոնով։ Ամբողջ երկրով մեկ, հատկապես Բաքվում, հանրային զբոսայգիներում ծաղիկների համատարած ու ճոխ ցուցադրություններ են լինում։ Այս տարի, սակայն, նախկին ճոխությամբ տոնը չի նշվել։ Eurasianet կայքի հոդվածագիր Դուրնա Սաֆարովան փորձել է հասկանալ՝ ինչու։

Անցյալ տարի Ծաղկի տոնը համընկավ 2016 թ. ապրիլին Ղարաբաղում բախումների արդյունքում զոհված ավելի քան հարյուր ադրբեջանցիների քառասունքի հետ։ Այս տարի էլ տոնը նշվում է բավական համեստ, շարքային ադրբեջանցիներին խրախուսվում է սեփական ծաղկային կոմպոզիցիաներով իրենց ներդրումն ունենալ տոնին։

Պաշտոնական բացատրությունները համոզիչ չեն։ «Ավելի ակտիվ մասնակցություն ապահովելու նպատակով մենք որոշեցինք տոնն այլ կերպ կազմակերպել»,- հայտարարել է Բաքվի քաղաքապետարանը։

Բայց ենթադրվում է, որ երկրի խորացող տնտեսական դժվարություններն են կառավարությանը դրդել փոքրացնել միջոցառման մասշտաբները։ Պաշտոնյաները երբեք լիովին չեն ներկայացրել Ծաղկի տոնի ծախսերը, սակայն այն դարձել է կառավարության շռայլ ծախսերի դեմ բողոքների հիմնաքարերից մեկը։

Անկախ տնտեսագետ Ռովշան Աղաևի 2014 թ. արված հաշվարկների համաձայն՝ կառավարությունը 2004-2013 թթ․ ժամանակահատվածում Ծաղկի տոնի վրա ծախսել է շուրջ 150 միլիոն մանաթ կամ 117 մլն դոլար։ Միայն 2014թ․ 6 մլն ծաղիկ է ներմուծվել միջոցառման համար, հիմնականում Նիդեռլանդներից, Թուրքիայից, Էկվադորից, Իտալիայից, Միացյալ Նահանգներից և Իսրայելից:

Կար ժամանակ, երբ Ադրբեջանը կարողանում էր ինքնուրույն լրացնել ծաղիկների պահանջարկը. խորհրդային տարիներին հանրապետությունը ծաղկի խոշոր արտադրող և արտահանող էր։ Այսօր, սակայն, Ադրբեջանի ծաղկաբուծության արդյունաբերությունը զգալի անկում է ապրել։ Երկրի հիմնական արտահանման շուկաներն են Վրաստանը և Ռուսաստանը, և անցյալ տարի այն վաստակել է ընդամենը 13,700 դոլար՝ Վրաստան արտահանած 42000 վարդերով, և 13,400 դոլար՝ Ռուսաստան արտահանած 268,000 մեխակներով։

Աջակցություն Գյուղատնտեսության բարեփոխումների հանրային Միության նախագահ Վահիդ Մահարամովը Ծաղկի տոնի 1997թ. հիմնադիրներից է, երբ այն նշվում էր մարտին և որևէ կապ չուներ Հեյդար Ալիևի հետ։ «Տոնը նպատակ ուներ խրախուսել տեղական ծաղիկ արտադրողներին ցուցադրել իրենց աճեցրած ծաղիկները, որի արդյունքում կստեղծվեին ցանցեր և համագործակցություններ»,-ասում է Մահարամովը։

2004թ. տոնը փոխակերպվեց՝ վերածվելով նախկին նախագահի ծննդյան տոնի։ Այս փոխակերպումը չկարողացավ նպաստել տեղական ծաղկարտադրության զարգացմանը, ավելին, դարձավ «հանրային գումարների վատնում»,- ասում է Մահարամովը։

Կառավարությունը որոշ քայլեր ձեռնարկում է ծաղկարդյունաբերության զարգացման ուղղությամբ, սակայն շատերը հոռետեսորեն են մոտենում այդ փորձերին։ «Մինչև չլուծվեն այլ խնդիրներ, կառավարության ջանքերն անօգուտ են»,- ասել է Մահարամովը։

Թարգմանությունը Զառա Պողոսյանի

Մեկնաբանել