Թրամփը ջերմ ողջունել է ավտորիտար առաջնորդին․ CNN-ը՝ Էրդողանի ընդունելության մասին

Երեքշաբթի օրը Սպիտակ տանը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Ինչպես գրում է CNN-ը, Թրամփը ջերմ ընդունելության է արժանացրել ավտորիտար առաջնորդին, որն ուներ լարված հարաբերություններ ԱՄՆ-ի նախկին վարչակազմի հետ։ Թվիթերում արած իր գրառման մեջ Թրամփը նշել է, որ մեծ պատիվ է ունեցել ողջունելու Թուրքիայի նախագահին։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Վաշինգտոնը սատարում է Իսլամական պետության և PKK-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) նման ահաբեկչական խմբավորումների դեմ Թուրքիայի պայքարին։

CNN-ը նկատում է, որ չնայած երկու ղեկավարների միջև առերևույթ ջերմությանը՝ հարաբերությունները լարված են, քանի որ Վաշինգտոնը հրաժարվում է Անկարային արտահանձնել Փենսիլվանիայում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որին Թուրքիայի ղեկավարությունը մեղադրում է անցած հուլիսին երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձի մեջ։

Թուրք-ամերիկյան հարաբերություններում մյուս խնդրահարույց հարցը կապված է Սիրիայի քրդերին սպառազինելու Թրամփի որոշման հետ․ ամերիկյան վարչակազմը քրդական զինուժին համարում է ԻՊ-ի դեմ պայքարող արդյունավետ ուժ, մինչդեռ Թուրքիան քուրդ զինյալներին համարում է «ահաբեկչական» PKK-ի ճյուղ։

Թրամփի հետ ասուլիսին Էրդողանը հայտարարել է, որ տարածաշրջանի ապագայում քրդական խմբավորումները «տեղ չունեն»։

«Մեր տարածաշրջանի ապագայում ահաբեկչական կազմակերպությունը տեղ չունի, PYD-ն (Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցություն – Սիվիլնեթ) և YPG-ն (PYD-ի ռազմական թև – ՍիվիլՆեթ) տարածաշրջանում հաշվի առնելը երբեք չի ընդունվի և կլինի մեր կայացրած գլոբալ համաձայնության դեմ»,- ասել է Էրդողանը։

Վերջինս նաև բաց չի թողել առիթը իր դժգոհությունը հայտնելու Գյուլենի հարցում։ Նա ասել է, որ «անկեղծ արտահայտել է» Թուրքիայի ակնկալիքներն այդ հարցում և տեղեկացրել ամերիկացի ընկերներին անցած տարվա հեղաշրջման փորձում Գյուլենի հավանական ներգրավվածության մասին։

***

Մայիսի 16-ին Վաշիգնտոն ժամանած Թուրքիայի նախագահին բողոքի ցույցերով են դիմավորել։ Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը, Էրդողանի դեմ իրենց բողոքն արտահայտելու էին դուրս եկել Ամերիկայի հայ և քուրդ համայնքները:

Քրդերի և հայերի կազմակերպված բողոքի ցույցին ընդդեմ, հենց այստեղ, Սպիտակ տան առջև իրենց հակացույցն էին կազմակերպել Վաշինգտոնի թուրքական կազմակերպությունները, որոնք փորձում էին աջակցել Ռեջեփ Էրդողանին:

Սպիտակ տան առջև դեմ առ դեմ հավաքված թուրք և քուրդ ցուցարարների միջև իրավիճակն ի վերջո այնքան էր սրվել, որ ոստիկանությունը որոշեց կողմերին բաժանել, հնարավոր բախումները կանխելու համար: Բողոքի ցույցին ներկա էին նաև Վաշինգտոնի հայ համայնքի ներկայացուցիչները:

Մեկնաբանել