Զարուհի Փոստանջյանը «Արմենիա» բժշկական կենտրոնում դատաբժշկական զննություն է անցել

«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը երեկ՝ մայիսի 16-ի երեկոյան, այցելել է «Արմենիա» բժշկական կենտրոն դատական բժիշկի մոտ զննություն անցնելու համար․ այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց «Երկիր ծիրանի» կուսակցության անդամ Հայկ Պետրոսյանը։ Նշենք, որ երեկ լուրեր էին տարածվել, որ Զարուհի Փոստանջյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն՝ ստացիոնար բուժման։

«Զարուհի Փոստանջյանը հիվանդանոց է այցելել, որպեսզի դատական բժիշկը զննի և դատական փաստաթղթերը լրացվեն»,- ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ Փոստանջյանի դուստրը՝ Լիլիթ Դրամփյանը, դեռ շարունակում է գտնվել «Արմենիա» բժշկական կենտրոնում։

Ըստ Պետրոսյանի՝ նա դեռ մի քանի օր կշարունակի բուժում ստանալ կենտրոնում, քանի որ մայիսի 16-ին ոստիկանների կողմից ուժի գործադրման ժամանակ ուղեցի ցնցնում է ստացել։

Մայիսի 14-ին ՝ Երևանի ավագանու ընտրությունների օրը, «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի Ավան վարչական շրջանի շտաբում։ Փոստանջյանն ու կողմնակիցները, այդ թվում՝ 21-ամյա դուստրը, ուզում էին բացել շտաբի գրասեղաններից մեկի դարակները, որտեղ, նրանց պնդմամբ, ընտրակաշառք ստացած անձանց ցուցակներ կային: Սակայն շտաբի աշխատակիցները թույլ չտվեցին դա անել: Քիչ անց շտաբ էին ժամանել նաև ոստիկանության ներկայացուցիչներ, որոնք  ուժի գործադրմամբ Փոստանջյանին, դստերը և նրանց կողմնակիցներին դուրս էին հանել շտաբից և փորձել բերման ենթարկել և՛ Փոստանջյանին, որն ունի պատգամավորական անձեռմխելիություն, և՛  դստերը՝ Լիլիթ Դրափյանին։ Ոստիկաններին այդպես էլ չէր հաջողվել Փոստանջյանին նստեցնել ոստիկանական մեքենան, իսկ աղջկան՝ Լիլիթ Դրամփյանին, Նոր-Նորքի ոստիկանություն տանելու ճանապարհին ոստիկանները բաց էին թողել։ Դեպքից քիչ անց Լիլիթ Դրամփյանը տեղափոխվել էր «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն։