Աղդամից՝ Կազան․ Սերժ Սարգսյանի անկեղծության պահերը

Վեցերորդ գումարման Ազգային ժողովին հղած ծավալուն ուղերձում Սերժ Սարգսյանը անդրադարձել է նաև Արցախյան կարգավորման գործընթացին՝ անուղղակի կերպով քննադատելով ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանի, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ բանակված տարբերակները։

Միայն հիշեցնելով, որ և՛ Տեր-Պետրոսյանի, և՛ Քոչարյանի նախագահության ժամանակ հրապարակավ Սերժ Սարգսյանը չի քննադատել կարգավորման տարբերակները, մեջբերենք, թե ինչ է ասել Սարգսյանն այսօր՝ մայիսի 18-ին։

«Երբ Բաքուն է կեղծում, թե իբր մենք ցանկանում ենք ամեն գնով պահպանել ստատուս-քվոն, դա միգուցե տեղավորվում է հակառակորդի տրամաբանության շրջանակներում, բայց Հայաստանից հնչող այդպիսի տեսակետը չի կարող ընդունելի լինել»,- ասել է Սարգսյանը։

«Ստատուս-քվոյի փոփոխությունը մեզ համար ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում: Հայաստանը բազմիցս է կողմ արտահայտվել փոխզիջման հիման վրա հանգուցալուծման գնալու օգտին, որի էությունը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումն է։ Այս մոտեցումն էր արտացոլված Կազանի փաստաթղթում։ Թեև այն մերժվեց Ադրբեջանի կողմից, բայց նախորդ փաստաթղթերի նման ի պահ չհանձնվեց ԵԱՀԿ քարտուղարություն, այսինքն` շարունակում է մնալ որպես վերջին աշխատանքային փաստաթուղթ»,- ընդգծել է նա։

«Այո՛, փոխզիջման հիման վրա, այլ ոչ թե միակողմանի զիջումների` տեղի տալով ադրբեջանական սպառնալիքներին, թե հակառակ դեպքում պատերազմն անխուսափելի է: Այո՛, մենք չենք ցանկանում ստատուս-քվոյի պահպանում և ոչ մի օր ավել: Չենք ուզում հաջորդ սերունդների ուսերին դնել հիմնահարցի լուծման ծանրությունը, և հենց սրան են ուղղված համանախագահ երկրների հետ միասին հիմնահարցի կարգավորման մեր համատեղ ջանքերը»,- ավելացրել է Սարգսյանը։

Նա նշել է, որ չի խոսի նախորդ տարբերակների համեմատ Կազանի փաստաթղթի բոլոր առավելությունների մասին, քանի որ խախտած կլինի բանակցությունների խորհրդապահությունը։

Իրականում, 2016 թվականի նոյեմբերի 17-ին, Սերժ Սարգսյանը ռուս հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել ղարաբաղյան կարգավորման գործընթացի և Կազանի առաջարկների մասին:

Հիշեցնելով, որ 2007-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացրել են առաջարկներ երեք սկզբունքների հիմքով՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, երկրորդ՝ պետությունների տարածքային ամբողջականություն, երրորդ՝ ժողովուրդների հավասարություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք, Սարգսյանը բացատրել էր․ «Այդ սկզբունքները ոչ մի դեպքում չեն հակասում միմյանց: Մենք ընդունում ենք ցանկացած պետության, այդ թվում` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բայց ժողովրդի ինքնորոշումն ընդհանրապես չի հակասում տարածքային ամբողջականության սկզբունքին, որովհետև տարածքային ամբողջականությունը վերաբերում է պետությունների միջև հարաբերություններին, իսկ ինքնորոշումը`մայրաքաղաքին և ժողովրդին, որը հավաք կերպով բնակվում է իր պատմական հայրենիքում»։

Սարգսյանը նշել էր, որ 2008-ից ի վեր կողմերը մի քանի անգամ մոտ են եղել փաստաթուղթ ստորագրելուն, որտեղ երեք սկբունքները հստակ արտացոլված էին․ «Այսինքն, հայկական կողմը, հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք այսօր զբաղեցված են որպես անվտանգության գոտի։ Այսինքն, այն տարածքները, որոնք ադրբեջանցիները համարում են գրավյալ՝ 7 ադրբեջանական շրջաններ: Մենք թողնում ենք այդ տարածքները և հեռանում: Այսինքն, դա տարածքային ամբողջականության սկզբունքն է: Առաջին կետում հստակ գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական, իրավական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտման միջոցով: Հետո գրված էր՝ ովքեր են մասնակցում»։

Ռուս լրագրողի դիտարկմանը՝ «Այսինքն՝ հանրաքվե», Սարգսյանը ասել էր․«Այո: Հանրաքվե: Հանրաքվե, և դա ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կենսագործումն է: Բայց ամեն անգամ ադրբեջանական կողմը ներկայացնում էր նորանոր պահանջներ: 2011-ին, կարծես, թվում էր, մենք պատրաստ ենք ստորագրել այդ փաստաթուղթը: Այդ ժամանակ ԱՄՆ նախագահը զանգահարեց ինձ և Ադրբեջանի նախագահին, հաջողություններ մաղթեց: Ֆրանսիայի նախագահը Ադրբեջանի նախագահին և ինձ նամակներ հղեց նույն բարեմաղթանքներով: Իսկ Ռուսաստանի նախագահը անձամբ մասնակցում էր այդ բանակցություններին: Ցավոք, Կազանում, Ադրբեջանը հրաժարվեց այդ սկբունքից»:

Դեռ 2001 թվականին, երբ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար էր (իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ նախագահ), հրապարակավ կողմ էր արտահայտվում ստատուս-քվոյի փոփոխությանը։

2001 թվականի մայիսի կեսերին, Հայաստանի խորհրդարանում ղարաբաղյան հարցով լսումների ընթացքում այն ժամանակ Սերժ Սարգսյանը, պատասխանելով հարց-մեղադրանքին, թե 2001թ. ի վեր ինքը խոսում է փոխզիջումների մասին և դրանով կատարում ԵԱՀԿ-ի հանձնարարությունը, ասաց. «Ես 2001-ից չեմ խոսում փոխզիջումների մասին, այլ ընդհանրապես 90-ական թվականներից։ Նաև այն ժամանակ, երբ մեր ջոկատներին համոզում էի, որ անհրաժեշտություն կա վերացնել շատ կրակակետեր։ Դրանց վերացումը կամ անվտանգության գոտու ստեղծումը երբեք նպատակ չի հետապնդել ավելացնել Ղարաբաղի կամ Հայաստանի տարածքը»։

Որո՞նք են Արցախի իրական սահմանները: Այս հարցադրմանը Սարգսյանը պատասխանեց. «Ընդհանրապես ցանկացած երկրի, այդ թվում և մեր սահմանները անցնում են այն տեղով, որտեղով կարողանում ես անցկացնել այդ սահմանը։ Այո՛, ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ։ Եթե բանակցային պրոցես է գնում, ու դու փորձում ես դիմացինիդ հիմարի տեղ դնել, նրա մոտ միայն հեգնանք է առաջանում»։

«Չեմ կարող տուրք տալ հասարակության մեջ տարածվող այն կարծիքներին, որ մենք Աղդամն ազատագրել ենք: Պետք չէ դիմացինին անլուրջ մարդու տեղ դնել: Այո, եղել են տարածքներ, որոնք մենք գրավել ենք: Եվ դրանից մենք երբեք չպետք է ամաչենք: Այդ տարածքները գրավել ենք, որպեսզի ապահովենք մեր հայրենիքի անվտանգությունը: Դրա մասին մենք հայտարարել ենք 1992 թ., 94 թ., հայտարարում եմ հիմա: Միգուցե իմ հայտարարությունը դիվանագիտական չէ, բայց սա է: Հարցին չի կարելի միակողմանի մոտենալ և ամեն քայլափոխի ասել, որ մենք ազատագրել ենք, Աղդամը մերն է, Միրբաշիրը մերն է»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:

 Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի