Հարավային Կովկասում Ռուսաստանը ձգտում է սառեցված հակամարտությունների պահպանմանը՝ պարտադրելով փխրուն ստատուս քվո

Հարավային Կովկասում ՌԴ-ն դե ֆակտո պարտադրել է փխրուն ստատուս քվո, սառեցում՝ պահպանելով սառեցված հակամարտությունները. Երևանում մեկնարկած «Անցումային շրջանի ավարտը․ Հայաստանը 25 տարի անց․ հիմա՞ ինչ» խորագրով գիտաժողովին այսպիսի կարծիք հայտնեց ռուս-ամերիկյան լրագրող, հեղինակ Աննա Հարությունյանը։

«Սառեցվածությունը ինչ-որ իրավիճակ է, որը սահմանափակում է մասնակիցների ազատությունը»,- ասաց Հարությունյանը՝ նշելով, որ հենց դա է տեղի ունենում Լեռնային Ղարաբաղի պարագայում․ Ռուսաստանը միաժամանակ զինում է երկու կողմերին էլ։

«Ռուսաստանը ցանկանում է պահպանել այդ հակամարտությունները օգուտ քաղելու համար»,- նկատեց լրագրողը և հարցադրում արեց՝ ի՞նչ է ստանում ՌԴ-ն այդ պայթյունավտանգ իրավիճակներից։

Մեկը, նրա համոզմամբ, Եվրասիական տնտեսական միության գործոնն է։ Նա ձգտում էր ճնշել Հայաստանին՝ դրդելու, որ մտնի Միության մեջ, և այդպես էլ եղավ։ Ճնշումն իրականացրեց, Հարությունյանի դիտարկմամբ, էժան գազի, Ադրբեջանին զենքի վաճառքն ավելացնելու միջոցով՝ ստեղծելով մի վիճակ, որի դեպքում Հայաստանին այլ բան չէր մնում։

***

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների «Դորնսայֆ» ինստիտուտը Երևանում անցկացնում է երկօրյա գիտաժողով, որը վերաբերում է Հայաստանի հետանկախական անցմանը։ Երկու քաղաքներում անցկացվող գիտաժողովը՝ «Անցումային շրջանի ավարտը․ Հայաստանը 25 տարի անց․ հիմա՞ ինչ» խորագրով, մեկնարկել է մայիսի 23-ին Երևանում՝ Գաֆեսճյան արվեստի կենտրոնում։ Բանախոսություններով հանդես կգան անվանի դիվանագետներ, տարածաշրջանային մասնագետներ և գիտնականներ։

ՍիվիլՆեթը ուղիղ հեռարձակում է ամբողջ գիտաժողովը։ Օրակարգին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղմամբ։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել