Այսօր՝ մայիսի 25-ին, Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց 6 տարվա ազատազրկման դատապարտված՝ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը:
Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ շարունակելու է իր պայքարը անարդարության դեմ և ՔԿՀ-ից անմիջապես գնալու է Հանրապետության հրապարակ և նստացույց է սկսելու, պահանջելով, որ Հայաստանում գործի վաղաժամկետ պայմանական ազատման ինստիտուտը։
«Պիտի բերեն փակեն` թող փակեն, պիտի սպանեն` թող սպանեն, բայց չեն կարող իմ հոգու ու ազատության վրա բռնանան»,- ազատ արձակվելուց րոպեներ անց ասաց Ավետիսյանը:
2014-ի ամռանը 6 տարվա ազատազարկման դատապարտված Ավետիսյանը վերջին համաներման արդյունքում է ազատ արձակվել:
Նրան մեղադրանք է առաջադրվել խարդախության համար։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, և 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։
Ըստ նրա` սա քաղաքական հետապնդում է ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: