Թոմ Քաթինան դարձավ 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր

Մայիսի 28-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ, հայտարարվեց 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը՝ Թոմ Քաթինա: Նա կստանա 100 հազ․ դոլար պարգև՝ շարունակելու իր գործունեությունը, ինչպես նաև 1 մլն դոլար դրամաշնորհ, որը բացառիկ հնարավորություն կտա շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին: Վերցնելով մրցանակը՝ Քաթինան ասաց, որ երբեք չի հանդիպել այսքան հյուրընկալ և ջերմ մարդկանց:

Մրցանակի այս տարվա հավակնորդներն էին՝ Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանը, Ջամիլա Աֆղանին, Մուհամադ Դարվիշը, Դենիս Մուկվեգեն, Թոմ Քաթինան։

Թոմ Քաթինան Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ է և կաթոլիկ միսիոներ, որը տարիներ շարունակ Սուդանի պատերազմական Նուբա լեռներում միակ վիրաբույժն է՝ իրականացնելով տարեկան 1000 վիրահատություն եւ սպասարկելով օրական ավելի քան 400 հիվանդի:

Բժիշկ Քաթինան մրցանակը փոխանցելու է հետեւյալ երեք կազմակերպություններին՝

  • Կաթոլիկ առողջապահական առաքելության խորհուրդ (CMMB), ԱՄՆ
  • Աֆրիկյան առաքելության առողջապահական հիմնադրամ (AMHF), ԱՄՆ
  • Aktion Canchanabury, Գերմանիա

Ընտրող հանձնաժողովի կազմում, որի համանախագահն է օսկարակիր դերասան և հումանիտար գործիչ Ջորջ Քլունին, ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին, Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը և Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն: Հանձնաժողովը հինգ հավակնորդներին ընտրել է ներկայացված 558 թեկնածությունների միջից, որոնցից 254-ը չկրկնվող էին և ներկայացվել էին 66 երկրից 13 լեզվով:

2016թ. «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր էր դարձել Բուրունդիի «Մեզոն Շալոմ» խնամքի տան և REMA հիվանդանոցի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն։

***

Դիտեք ՍիվիլՆեթի Սալբի Ղազարյանի բացառիկ հարցազրույցը բժիշկ Քաթինայի հետ:

Գործ՛իր, քա՛յլ արա, օգնի՛ր, և չես զղջա․ Թոմ Քաթինայի բացառիկ հարցազրույցը՝ ՍիվիլՆեթին:

Մեկնաբանել