Ռուսաստանը պատրաստ չէ անցնել Հայաստանի կամ Ադրբեջանի կողմը, սակայն կարող է փոխել դիրքորոշումը․ Մարկեդոնով

Կովկասյան հարցերով ռուսաստանցի առաջատար քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը Ռուսաստանի քաղաքականության շուրջ զրուցել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների «Դորնսայֆ» ինստիտուտի կայքի՝ «Ղարաբաղը՝ դիտակետում» բաժնի խմբագիր Էմիլ Սանամյանի հետ։ Մարկեդոնովն ասում է՝ Ղարաբաղի հարցը Ռուսաստանի օրակարգի թիվ մեկ հարցը չէ․ կան խնդիրներ Արևմուտքի, Ուկրաինայի հետ, հարցեր Հեռավոր Արևելքում Չինաստանի հետ, որոնք ավելի կարևոր են։ Ղարաբաղյան հարցի համատեքստում վերլուծելով տարածաշրջանային ուժեր Իրանի և Թուրքիայի քաղաքականությունը՝ Մարկեդոնովը նկատում է, որ վերջինս ՆԱՏՕ-ի միակ անդամն է, որն ուղղակիորեն սատարում է Ադրբեջանին։ Իրանը ստատուս քվո-ի կողմնակից ուժ է, որը դեմ է և ռազմական սրմանը, և հնարավոր խաղաղապահ գործողություններին արտաքին ուժերի ներգրավմանը։ Ռուսաստանի դիրքորոշումը մոտ է իրանականին, սակայն՝ տարբեր, երբ հարցը վերաբերում է նորացված մադրիդյան սկզբունքներին, որոնք նախատեսում են միջազգային խաղաղապահների ներկայություն։ Մարկեդոնովի պնդմամբ՝ Ռուսաստանը Ղարաբաղում ստատուս քվոն նախընտրում է իրավիճակի սրմանը, սակայն դա նույնը չէ, ինչ կարգավորման և հակամարտության միջև նախընտրել վերջինը։ «Ի տարբերություն Աբխազիայի և Հարավային Օսիայի օրինակների, Ռուսաստանը պատրաստ չէ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կամ անցնել Հայաստանի կամ Ադրբեջանի կողմը։ Սա չի նշանակում, որ Ռուսաստանը ստատուս քվո-ի բացարձակ կողմնակից է։ Եթե վաղը Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա Ղարաբաղից դուրս, օրինակ՝ Տավուշում կամ Սևանի ուղղությամբ, որոնք բուն Հայաստանի Հանրապետության մաս են կազմում, Ռուսաստանը կարող է փոխել իր դիրքորոշումը»,- կարծում է ռուսաստանցի վերլուծաբանը։ Սերգեյ Մարկեդոնովի հետ հարց ու պատասխանը՝ որոշ կրճատումներով թարգմանաբար ստորև։

— Արևմուտքում և որոշ չափով՝ Հայաստանում ու Ադրբեջանում բավական տարածված է այն մտայնությունը, որ Ռուսաստանը շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։ Ո՞րն է Ձեր տեսակետը այս հարցի շուրջ։

— Այս մտայնությունը կարող էր ընկալվել, եթե Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները պատրաստ լինեին փոխզիջման հասնել, իսկ Ռուսաստանը ընդդիմանար դրան։ Իրականում, երկու երկրներն առաջ են քաշում մաքսիմալիստական պահանջներ, որոնք հակասում են մեկը մյուսին։ Ռուսաստանը չի կարող Հայաստանի և Ադրբեջանի փոխարեն համաձայնության գալ։ Գուցե Ռուսաստանին կարելի է մեղադրել նրանում, որ պատրաստ չէ խթանել, արագացնել խաղաղության գործընթացը․ դա գերազանցապես պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանի կառավարությունը դիվանագիտական բեկման համար պարարտ հող չի տեսնում։

Ռուսաստանի համար Ղարաբաղը օրակարգային թիվ մեկ հարցը չէ։ Կան խնդիրներ Արևմուտքի, Ուկրաինայի հետ, հարցեր Հեռավոր Արևելքում Չինաստանի հետ, որոնք ավելի կարևոր են։ Ռուսաստանը Ղարաբաղում ստատուս քվոն նախընտրում է իրավիճակի սրմանը, սակայն դա նույնը չէ, ինչ կարգավորման և հակամարտության միջև նախընտրել վերջինը։

Ռուսաստանը բազմաթիվ միջնորդական նախաձեռնություններով է հանդես եկել, որոնց թվում՝ 1994թ․ զինադադարը, 2008թ․ նոյեմբերի Մայնդորֆի հռչակագիրը և վերջին՝ 2016թ․ ապրիլի հրադադարը։ Այս ջանքերին սատարել է նաև Արևմուտքը։

— Ռուսաստանի քաղաքականության մասին խոսելիս ամենահակասական հարցերից մեկը Ադրբեջանին զենքի վաճառքն է։ Ի՞նչը, Ձեր կարծիքով, դրդեց Մոսկվային զենքի լայնամասշտաբ վաճառք սկսել Բաքվին, հատկապես 2008-ից ի վեր։ Արդյոք վճռորոշ գործոն են հանդիսացել ասոցացման համաձայնագրի շուրջ Հայաստանի բանակցություննե՞րը Եվրամիության հետ:

— 2008թ․ ճանաչելով Հարավային Օսիան և Աբխազիան՝ Ռուսաստանը վերջնակապես կորցրեց Վրաստանի հանդեպ ազդեցությունը։ Կային մտավախություններ, որ Ռուսաստանը կկորցնի վերահսկողությունը նաև Ադրբեջանում, այսպիսով, դա որոշ չափով բացատրում է Մոսկվայի Բաքվում գործարքը Բաքվի հետ։ Ադրբեջանին զենքի վաճառքն ունի նաև առևտրային դրդապատճառներ, որը, ի տարբերություն Հայաստանի, սպառազինությունների համար վճարում է ամբողջ գինը (Հայաստանը զենքը ստանում է զեղչով)։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը ցանկանում է խուսափել Ղարաբաղում իրավիճակի հետագա սրումից, և այդ ցանկության արտացոլումն է վերջերս Հայաստանին «Իսկանդեր» համալիրների վաճառքը։ Ամբողջությամբ Հայաստանի օգտին դիրքորոշվելը կխարխլեր Ռուսաստանի ինտեգրացիոն նախագծերը, ինչպիսին են Եվրասիական տնտեսական միությունն ու Հավաքական անվտանգության պայմանգրի կազմակերպությունը, որտեղ Բելառուսի և Ղազախստանի նման առանցքային անդամներն ունեն սերտ կապեր Ադրբեջանի հետ։

Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ գործընթացին՝ եվրոպացիները պատրաստ չէին Հայաստանին տրամադրել անվտանգության որևէ երաշխիքներ․ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն Հայաստանին երբեք անվտանգության իրական այլընտրանք չեն առաջարկել։ Ավելին՝ ԵՄ-ն Ադրբեջանին դիտարկում է որպես էներգիայի կարևոր այլընտրանքային մատակարար։ ԵՄ-ի և Արևմուտքի հետ հարաբերությունները զարգացնելու Հայաստանի ջանքերը բավական հասկանալի են։ Խոսքը գնում է մեծ տնտեսական շուկայի մասին, այնտեղ կան հայկական մեծ համայնքներ, առկա է նաև Ադրբեջանի լոբբին հակակշռելու անհրաժեշտությունը։

— Լոբբիի մասով․ արյդոք Ռուսաստանի կառավարության ներսում կա՞ն հայկական և ադրբեջանական լոբբիստներ։ Օրինակ, ապրիլյան պատերազմից հետո փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի այն հայտարարությունը, թե ռուսաստանյան զենքի վաճառքն Ադրբեջանին շարունակվելու է, բավական խնդրահարույց որակվեց։

— Ռուսաստանի կառավարության ներսում Ռոգոզինը պատասխանատու է զենքի վաճառքի համար։ Եթե նա պատասխանատու լիներ ՀԱՊԿ-ի համար, հռետորաբանությունը թերևս այլ լիներ։ Եվ այդ հռետորաբանությունն իսկապես տարբեր էր, երբ նա 1990-ականներին քաղաքական ֆիգուր էր և ավելի հավասարակշռված տեսակետեր էր հնչեցնում։ Որոշ առումով վերջերս արտգործնախարար Սերգեյ Լավրովի բանավոր մենամարտը ադրբեջանցի լրագրողի հետ կարող է դիտարկվել որպես հայամետ դիրքորոշման արտահայտում։

Իրականում Ռուսաստանի կառավարությունում չկան հայամետ և ադրբեջանամետ ֆիգուրներ։ Ռուսաստանցի պաշտոնյաները Կովկասը դիտարկում են ռուսական շահի դիտանկյունից, ճիշտ այնպես, ինչպես չենք կարող պնդել, որ Սերժ Սարգսյանը ռուսամետ կամ արևմտամետ քաղաքական գործիչ է․ նա հայակենտրոն գործիչ է։

— Վերադառնալով Հայաստանին «Իսկանդեր» համալիրների վաճառքի հարցին, որը դարձավ այս համակարգի առաջին օտարերկրյա գնորդը։ Ըստ Ձեզ, որո՞նք էին Ռուսաստանի հաշվարկները։

— Ես տեխնիկական հարցերով փորձագետ չեմ, սակայն եթե քաղաքական տեսանկյունից մոտենանք, սա քայլ էր՝ ուղղված և Հայաստանին, և Ադրբեջանին։ Այն արտացոլում է փաստը, որ Ռուսաստանի գործողությունների հիմքում միայն առևտրային տրամաբանությունը չէ ընկած։ Ղարաբաղի մասով այս քայլը միտված էր անվտանգության իրադրության դրոշմմանը և կրում էր հիմնականում խորհրդանշական բնույթ՝ ցույց տալով, որ Ռուսաստանը դեմ է Ղարաբաղում էսկալացիային։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել