Ռուսաստանը կպահպանի թուրքական լոլիկների ներմուծման արգելքը

Ռուսաստանը վերացրել է Թուրքիայից նախկինում արգելված բոլոր մթերքների ներմուծման սահմանափակումները, բացառությամբ լոլիկի։ Հրամանագիրը հրապարակվել է ՌԴ կառավարության կայքում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Արգելված ապրանքների ցանկից հանվում են սառեցված մսամթերքը, հավի և հնդկահավի ենթամթերքը, թարմ կամ սառեցված վարունգն ու կոռնիշոնը, թարմ խնձորը, տանձը, խաղողը, մորին ու ելակը»,- ասված է փաստաթղթում:

Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին ընթացքում ասել է, որ թուրքական լոլիկի՝ Ռուսաստան ներկրումը հնարավոր է, սակայն միայն նոյեմբերից մինչև ապրիլ ընկած հատվածում և աննշան քանակությամբ։

«Մենք տեսնում ենք, որ տարվա ընթացքում որոշակի ժամանակահատվածներ առաջին հերթին մեր այն վերամշակող գործարանների համար, որոնք լոլիկն օգտագործում են որոշակի մթերքի արտադրության նպատակով՝ թանձրուկ, հյութ, կարևոր է առավել էժան հումքի առկայությունը»,- ասել է Դվորկովիչը։

Իր հերթին, Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը հայտարարել է ողջ երկիրը ռուսական արտադրության վարունգով ու լոլիկով ապահովելու անհրաժեշտության մասին: Ըստ Տկաչովի, ռուսական գյուղատնտեսությունը առաջիկա 3-5 տարիների ընթացքում կկարողանա լիովին փոխարինել լոլիկի ներմուծումը Թուրքիայից ներկրումների սահմանափակումների պարագայում։  
 
Թուրքական լոլիկի արտահանումը Ռուսաստան՝ Հայաստանի վրայով

Ուշագրավ է, որ նախկինում Ռուսաստանի կողմից թուրքական լոլիկի արգելման պայմաններում ավելացել էր Հայաստանից լոլիկի արտահանումը Ռուսաստան։ Թեմային անդրադարձել էր «Հայկական ժամանակ» թերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը։ http://armtimes.com/hy/article/104686

2016 թվականի սկզբին հայկական արտադրանքի անվան տակ մեծ քանակությամբ թուրքական լոլիկի արտահանումը Ռուսաստան կարելի է ապացուցված համարել: Դա պարզ երեւում է «Եվրազիա. էքսպերտ» պարբերականի երեկ հրապարակած մի ցուցանիշից:

Հրապարակման մեջ նշված է, որ ամբողջ 2016 թվականին Հայաստանից ՌԴ է արտահանվել 36 հազար տոննա լոլիկ: Իսկ միայն առաջին կիսամյակում այդ ցուցանիշը 30 հազար տոննա էր: Ստացվում է, որ տարվա երկրորդ կեսին արտահանվել է ընդամենը 6 հազար տոննա:

Բնական հարց է առաջանում, թե ինչ է աճեցվել այն ջերմոցներում երկրորդ կիսամյակի ընթացքում, որտեղ իբր աճեցվել է արտահանվող լոլիկը առաջին կիսամյակում: Նշենք, որ վերը նշված պարբերականը կասկածի տակ չի դնում Հայաստանի միջոցով թուրքական լոլիկների վերաարտահանման փաստը եւ նշում, որ դրա ընդհանուր ծավալը 2016-ին կազմել է մոտ 22 միլիոն դոլար:

Հարաբերությունների սրացում և կարգավորում

Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ 2015 թ. նոյեմբերին թուրքական կործանիչը Սիրիայի սահմանին ոչնչացրեց ռուսական Սու-24 ռմբակոծիչը: Թուրքիան այնժամ հայտարարեց, որ Ռուսաստանը խախտել է իր օդային տարածքը, Մոսկվան իր հերթին հերքեց այդ մեղադրանքները:

Կատարվածից հետո Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ մտցրեց, մասնավորապես, սահմանափակելով թուրքական ապրանքների ներմուծումը երկիր։ Արգելքը ներառում էր բանջարեղեն, մրգեր, մսամթերք և ծաղիկներ, ընդ որում երբ բանջարեղենը, հատկապես լոլիկը, հիմնական ներկրվող գյուղատնտեսական մթերքներն էին այդ ժամանակ։

Բացի այդ, Ռուսաստանը արգելեց դեպի Թուրքիա ուղեփաթեթների  վաճառքը:

Հարաբերությունները սկսեցին կարգավորվել այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ ուղարկեց Պուտինին՝ ափսոսանք հայտնելով խփված Su-24-ի համար և իր ցավակցությունը հայտնելով օդաչուի մահվան կապակցությամբ։  Ճգնաժամային ժամանակահատվածին հաջորդող առաջին հանդիպումը տեղի ունեցավ 2016 թ. օգոստոսին։

Մայիսի սկզբին Պուտինը Էրդողանի հետ բանակցությունների արդյունքում հայտարարեց «փոխադարձ առևտրում սահմանափակումների վերաբերյալ համապարփակ լուծման հասնելու» համաձայնության մասին։

Զառա Պողոսյան