Կոռուպցիայի դեմ կպայքարեն անանուն ահազանգերով

Հունիսի 7-ին Ազգային ժողովը արտահերթ նիստում քննարկում էր «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է կառավարությունը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի հետ համահեղինակության կարգով։ Ըստ նախագծի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա առաջարկվում է ստեղծել նոր ինքնավար մարմին, որի գործառույթն է լինելու կանոնակարգել բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների հայտարարագրման գործընթացը։ Առաջարկվում է հայտարարատու պաշտոնյաների թիվը 500-ից հասցնել 2000-ի, ինչպես նաև քաղաքացիներին հնարավորություն տալ անանուն ահազանգել հնարավոր չարաշահումների և կոռուպցիոն դեպքերի մասին։

Նախագիծը խորհրդարանին ներկայացնում էր հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանը։ Նա անդրադարձավ նախագծով առաջարկվող Հանրային ծառայությունների մասին օրենքով սահմանված հայտարարատուների, ինչպես նաև նրանց փոխկապակցված անձնանց շրջանակի ընդլայնմանը։ Հովհաննիսյանը նշեց, որ այսօրվա կարգավորումներով հայտարարատուների թիվը 500 է, նախագծով առաջարկվում է այն հասցնել մոտավորապես 2200 պաշտոնյայի։ Լայնացված շրջանակը ներառում է ՀՀ բոլոր դատախազներին, քննիչներին, քրեակատարողական և ԴԱՀԿ գլխավոր պաշտոնատար անձանց, հատուկ ծառայություններում և գնումների ոլորտում բարձր պաշտոններ զբաղեցնող անձնանց։

Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ հայտարարատուների շրջանակի լայնացման չափանիշը եղել է ոլորտի ռիսկայնությունը։ Նախագծով փոխվել է նաև հայտարարատուների ընտանիքի կազմը։ Այս նոր կազմը ենթադրում է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձը պարտավոր է հայտարարագրեր ներկայացնել իր ամուսնու, անչափահաս երեխանների, իր հոգածության կամ խնամակալության տակ գտնվող ծնողի/ծնողների և համատեղ ապրող ցանկացած անձի համար։ Նախագծով առաջարկվող այս կարգավորումը դրա ընդունումից հետո ուժի մեջ կմտնի սույն թվականի հուլիսի 1-ից։

Խորհրդարանին ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի նախագծերի փաթեթով հաջորդ կարգավորումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքն է, որն ուժի մեջ պետք է մտնի 2018 թ․՝ համաձայն նոր Սահմանադրության։

Կոռուպցիայի կանխարգելման մարմնի գործառույթները

Նախագծով առաջարկվող կոռուպցիայի կանխարգելման մարմնի գործառույթն է լինելու պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգումը, դրանց արժանահավատության ընդունումը, վերլուծության կատարումը, խախտումների հայտնաբերման դեպքում պատասխանատվության սահմանումը։

Մարմինը կարող է իրականացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների և սահմանափակումների հարցերի քննություն, ինչպես նաև ուսումնասիրել գործադիր իշխանության, Սահմանադրությամբ ստեղծված անկախ կամ ինքնավար մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի և իրավիճակային շահերի բախման հարցերը։

Այս մարմինը իրավասու է առերևույթ հանցագործության հատկանիշների պարունակման դեպքում գործը ուղարկել Գլխավոր դատախազություն։

Կոռուպցիայի կանխարգելման մարմնի ձևավորման կարգը

Մարմինը ձևավորվելու է այնպիսի գործընթացի միջոցով, որը կարող է ապահովել դրանց ապաքաղաքականությունը, ապաքաղաքականացվածությունը, չեզոքությունը, անկողմնակալությունը և մասնագիտացվածությունը։

Մարմնի անդամներին ընտրում է խորհրդարանը՝ պատգամավորների ձայների մեծամասնությամբ։ Կոռուպցիայի կանխարգելման մարմնի անդամներին առաջադրում է մրցութային խորհուրդը, իսկ մրցութային խորհրդի անդամներին ներկայացնում է Բարձրագույն դատական խորհուրդը (այս մարմինը դեռ չի ստեղծվել, բայց նախատեսված է նոր Սահմանադրությամբ), Մարդու իրավունքների պաշտպանը, Փաստաբանների պալատը, Սահմանադրական դատարանի նախագահը և Հանրային խորհուրդը։ Վերջինը ներկայացնելու է քաղաքացիական հանրության ներկայացուցչի։

Նախագծով նախատեսված է Ազդարարի ինստիտուտ

Նախագծով առաջարկվում է նաև ազդարարի համակարգի ընդունման մասին օրենքի ընդունում, որով քաղաքացիներին հնարավորություն կտրվի տեղեկացնել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական հիմնարկներում և կազմակերպություններում, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպություններում կոռուպցիոն բնույթի դեպքերի մասին։ Քաղաքացիները հնարավորություն կունենան անանուն ահազանգ կատարել նաև շահերի բախման, էթիկայի կանոնների կամ պաշտոնի հետ անհամատեղելիության պահանջների խախտման դեպքերում։ Օրենքը նախատեսում է ահազանգող անձի անանունություն և անհրաժեշտ պաշտպանություն, եթե ահազանգը կարտարվել է ողջամիտ և բարեխիղճ։ Ազդարարման ինստիտուտը նախատեսում է նաև էլեկտրոնային անանուն ազդարարաման կարգ։

Արփի Մախսուդյան

Թեմայի վերաբերյալ դիտեք նաև ՍիվիլՆեթի հարցազրույցը «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» փորձագետ Հերիքնազ Տիգրանյանի հետ․

Մեկնաբանել